Հայաստանում շուրջ 200 հազար քաղաքացու կտրվի անվճար դեղորայք
Կառավարության որոշմամբ հաստատվել է երեք նոր նախաձեռնություն. Ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված 30.01-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքների անդամները` թվով շուրջ 200 հազար մարդ, որոնց դեղապահովումը կիրականացվի «Հիմնական դեղերի» ցանկին համապատասխան` առողջության-առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպությունների միջոցով:
Նախագծով ավելացվում է նաև երկու նոր հիվանդություն, որոնք նախկինում չեն փոխհատուցվել՝ հիպոֆիզային գաճաճություն և վիրուսային հեպատիտ C հիվանդությունը, որոնց առկայության դեպքում պետության կողմից դեղերը պացիենտներին կտրամադրվեն անվճար։ Այս երկու հիվանդությունների փոխհատուցումը կկատարվի 2020 թվականից։
«Հնարավոր է, որ հեպատիտ C-ի փոխհատուցումն այս տարվանից սկսի՝ կախված մեր տնտեսումներից, եթե այս տարի գնումների արդյունքում լինեն տնտեսումներ։ Գաճաճության համար հավելյալ կնախատեսվի 90 միլիոն դրամ, հեպատիտ C-ի համար՝ 85 միլիոն դրամ»,- ասել է Արսեն Թորոսյանը:
Արսեն Թորոսյանը և Դավիթ Անանյանը առողջապահության ոլորտի տնտեսվարողներին հրավիրել են երկխոսության
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Դավիթ Անանյանը հանդիպել են առողջապահության ոլորտի տնտեսվարողների հետ: 55 խոշոր հարկ վճարողներին ներկայացվել են ոլորտին բնորոշ ռիսկերը։
Արսեն Թորոսյանն անդրադարձել է ոլորտում առկա խնդիրներին` արձանագրելով նաև բուժհաստատություններից բժիշկների արտահոսքի փաստը․ «Կան բժշկական հաստատություններ, որոնք առավել նպաստավոր պայմաններում են «ծրարով աշխատավարձեր» վճարելու պատճառով, քան այլ բժշկական հաստատություններ, որոնք, «սպիտակ դաշտում» գործելով, վճարում են եկամտային հարկն ամբողջությամբ»։
Երկու կառույցների ղեկավարները նշել են, որ իրենց նպատակը ոլորտում թափանցիկ ու մրցակցային ճիշտ հարաբերություններ ստեղծելն է, և որ թափանցիկությունը բերելու է հարկային պարտավորությունների լիակատար ծավալով կատարմանը: Արդյունքում վճարված հարկերն ապագայում ոլորտին բյուջետային լրացուցիչ ծախսային հնարավորություն են տալու։
«Երկու հիմնական խնդիրներից է աշխատավարձեր չհայտարարագրելը կամ թերի հայտարագրելը և հանրությանը բժշկական ծառայություններ մատուցելիս կանխիկ դրամական գործարքները հսկիչ-դրամարկղային մեքենաների կտոններով չձևակերպելը»,-ասել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։
Դավիթ Անանյանը և Արսեն Թորոսյանը գործընկերային մթնոլորտում ոլորտի տնտեսվարողներին առաջարկել են ժամանակին և ամբողջ ծավալով վճարել հարկերը։
Նրանք հայտնել են, որ հարկային պարտավորություններից չարամտորեն խուսափողները ստիպված են լինելու կրել օրենքով նախատեսված ողջ պատասխանատվությունը, իսկ օրինապահներն առավելություն են ստանալու: Մասնավորապես՝ պետպատվերի շրջանակում բյուջետային աճի շնորհիվ նոր հատկացումներ կատարելիս Առողջապահության նախարարությունն առավելությունը տալու է ավելի շատ հարկ վճարող և վճարովի ծառայություններ մատուցող բուժհաստատություններին։
Առողջապահության ոլորտի ներկայացուցիչներն առաջարկել են նաև ստեղծել սպիտակ շրջանառությամբ բուժհիմնարկների ակումբ։ Գաղափարը ողջունել են երկու գերատեսչությունների ղեկավարները։ Դավիթ Անանյանը կարևորել է գործարար համայնքի հետ քննարկումների միջոցով ռիսկերի մասին բարձրաձայնելը և դրանց նվազեցման քայլերը հստակեցնելը:
Մանկական հակաուռուցքային դեղեր են հատկացվել
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնին» հատկացվել են ոլորտում կիրառվող, կենսական անհրաժեշտ մանկական հակաուռուցքային դեղեր, մասնավորապես`
- Բլեոցին (բլեոմիցին) դփշ 15մգ
- Իրինոտեկան հքլ. Տրիհիդրատ լ-թ 20մգ/մլ 5 մլ
- Տոպոտեկան լ-թ 1մգ/մլ 4մլ
- Ցիտարաբին լ-թ 100մգ/մլ 5մլ
- Ուրոմիտեքսան (մեսնա) լ-թ 100մգ/մլ 4մլ
- Ակոֆիլ (ֆիլգրաստիմ) նխ նրկ 48ՄՄ/0,5մլ
- Օնդանսետրոն լթ նրկ 2մգ/մլ 4մլ
Նշենք, որ տարեվերջին կառավարությունը հաստատել էր N502 որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին նախագիծը, որով կարգավորվում է առողջապահության նախարարության կողմից չգրանցված դեղերի ձեռքբերումը պետական միջոցների հաշվին:
Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ 2019 թվականին իրականացվել է 14 անվանում հակաուռուցքային դեղի ձեռք բերում` 1 տարվա կտրվածքով, որոնք սահմանված կարգով տրամադրվել են Պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնին : Հատկացումը կրելու է շարունակական բնույթ:
Կարմրուկի բերովի դեպք է արձանագրվել
Մարտի 6-ին Հայաստանում արձանագրվել է լաբորատոր հաստատված կարմրուկի երկրորդ բերովի դեպքը: Հիվանդը Հայաստան է ժամանել փետրվարի 20-ին Բրյուսելից՝ Վրաստանով: Կլինիկական երևույթներն ի հայտ են եկել փետրվարի 25-ին՝ ջերմության բարձրացումով, իսկ փետրվարի 28-ից սկսել է մարմնի ցանավորում, որը դիտարկվել է որպես դեղորայքային ալերգիա: Մարտի 6-ին կատարվել է լաբորատոր հետազոտություն և հիվանդի մոտ հաստատվել է կարմրուկ:
Հիշեցնենք, որ կարմրուկի առաջին բերովի դեպքն արձանագրվել է փետրվարի 24-ին PS 611 չվերթով Կիևից ժամանած Ուկրաինայի քաղաքացու մոտ: Երկու դեպքում էլ հիվանդներն ունեցել են բազմաթիվ մարդկանց հետ շփումներ, որոնց ինքնությունը գործնականում հնարավոր չէ պարզել (հիվանդանոցների սպասասրահ, հետազոտությունների համար սպասող անձինք, թռիչքի ժամանման սրահում բազմաթիվ դիմավորողներ):
Կարմրուկը խիստ վարակիչ վիրուսային հիվանդություն է, որը բնորոշվում է արտահայտված ինտոքսիկացիայով, կատառալ և ցանային երևույթներով: Վարակը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով։ Աշխարհում կարմրուկի առումով իրավիճակն անհանգիստ է: Բազմաթիվ երկրներում, այդ թվում մեզ հարևան, այս օրերին գրանցվում են կարմրուկի բռնկումներ՝ նույնիսկ մահվան ելքով:
Պատվաստումը միակ կանխարգելիչ միջոցն է հիվանդությունից զերծ մնալու համար: Այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ առնվազն երկու դեղաչափ պատվաստում, հորդորում ենք դիմել տեղամասային պոլիկլինիկա և պատվաստվել:
Սուր շնչառական վարակների ուղղությամբ համաճարակաբանական դիտարկումները շարունակվում են
Ինչպես արդեն տեղեկացրել էինք վերջին օրերին դիտվում էր սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակի կայունացում: Փետրվարի 16-ի դրությամբ կարելի է փաստել, որ իրավիճակի կայունացման միտումը դեռևս շարունակվում է:
Այսպես՝ այսօրվա դրությամբ նվազել են հանրապետության հիվանդանոցներում հոսպիտալացված դեպքերը, ներկայումս սուր շնչառական վարակներով 702 հիվանդ, որոնց գերակշիռ մասը դեռևս շարունակվում է բաժին ընկնել 0-5 տարեկան երեխաներին: Հոսպիտալներից առողջացումով դուրս է 147 պացիենտ, որից միայն 114-ը՝ Երևանի թիրախային մանկական հիվանդանոցներից:
Կայունացում է դիտվում նաև սուր շնչառական վարակներով պայմանավորված շտապօգնության կանչերում՝ 88 կանչ: Ինչ վերաբերում է պոլիկլինիկական դիմելիությանը, ապա սուր շնչառական վարակներին բնորոշ գանգատներով դիմել է 162 անձ:
Ներկայացված տվյալների հավաստիության պարզաբանման նպատակով՝ առողջապահության նախարարության կողմից շրջայցներ են կատարվել Երևանի մանկական հիվանդանոցներ, ինչը ևս մեկ անգամ փաստում է առկա իրավիճակի և զարգացման միտումներին հետամուտ լինելու և արդեն իսկ ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների շարունակական իրականացման մասին:
Հարկ է նշել, որ մանկական հիվանդանոցների ծանրաբեռնված աշխատանքներին նպաստում են նաև ստացիոնար կազմակերպությունների անձնակազմի կողմից ամբուլատոր սպասարկումները:
Ինչ վերաբերում է ներկայումս հանրապետությունում շրջանառող հարուցինչներին, ապա պետք է նշել, որ համաձայն իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքների հանրապետությունում շրջանառում է գրիպի Ա տեսակի H1N1 և H3N2 ենթատեսակները:
Որոշման փոփոխությամբ մանկական հակաուռուցքային դեղերը հասանելի կլինեն
Կառավարությունը հաստատել է առողջապահության նախարարության կողմից մշակված N 502 որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին նախագիծը:
Գործող որոշումը լուրջ խոչընդոտ էր կենսականորեն անհրաժեշտ, սակայն ցածր պահանաջարկ ունեցող դեղերի ֆիզիկական հասանելիության և հիվանդներին պատշաճ մակարդակով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու հարցում:
Հայաստանի Հանրապետությունը խոշոր դեղարտադրող ընկերությունների համար փոքր շուկա է, ինչի արդյունքում կենսականորեն անհրաժեշտ, սակայն ցածր պահանաջարկ ունեցող դեղերը չեն գրանցվում մեր երկրում` մարկետինգային նկատառումներից ելնելով, սակայն առկա են բազմաթիվ դեղեր, որոնք ընդգրկված են բուժական սխեմաներում և պարտադիր են օգտագործման համար:
Նոր որոշումն ընդունելու արդյունքում պետությունը ձեռք կբերի այդ դեղերը պետական բյուջեի միջոցներով, որոնց համար սահմանված են հստակ որակական և անվտանգությունն ապահովող չափանիշներ, մասնավորապես մանկական հակաուռուցքային դեղեր, որոնք կենսական անհրաժեշտ են բուժական սխեմաներում օգտագործելու համար:
Որոշումն առողջապահության նախարարությանը հնարավորություն է տալիս ապահովել կենսականորեն անհրաժեշտ, սակայն ցածր պահանջարկ ունեցող դեղերի ֆիզիկական հասանելիությունը և հիվանդներին պատշաճ մակարդակով բժշկական օգնության իրականացումը:
Տեղեկացնենք նաև, որ կազմակերպվել է թվով 15 մանկական ուռուցքաբանական դեղերի մրցույթ, որի արդյունքում կապահովվի երկրի մեկ տարվա ամբողջական պահանջարկը։
Գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնը սկսված է. ԱՆ-ն հորդորում է
Հոկտեմբերից սկսվում է գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնը (ընթացիկ տարվա հոկտեմբերից (40-րդ շաբաթ) մինչև հաջորդող տարվա մայիս (20-րդ շաբաթ):
Վարակիչ հիվանդությունների համակարգում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում գրիպը և սուր շնչառական վարակները, որոնց նկատմամբ ընկալ են բոլոր տարիքի մարդիկ: Այսօր հանրապետությունում դիտվող իրավիճակը համահունչ է նախորդ տարիների գրիպի սեզոնին, ավելին` արձանագրվող սուր շնչառական վարակներն, ըստ համաճարակաբանական շաբաթական վերլուծությունների արդյունքների, 1,8 անգամ ցածր է հիվանդացության ամենացածր շեմից: Այս համատեքստում առավել բարձր ցուցանիշերն արձանագրվել են 0-14 տարեկան երեխաների շրջանում:
Ինչ վերաբերում է հանրապետությունում գրիպի և սուր շնչառական վարակների շրջանառող հարուցիչներին, ապա պետք է նշել, որ այս պահի դրությամբ հանրապետությունում գրիպի վիրուսներ չկան, շրջանառվում են սուր շնչառական վարակների հարուցիչներ՝ ադենովիրուսներ, ռինովիրուսներ, պարագրիպ, այն էլ եզակի դեպքերում:
Գրիպի նկատմամբ շարունակաբար կազմակերպվում և իրականացվում են բազմաթիվ կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ, սակայն վերջինս շարունակվում է արձանագրվել բնակչության շրջանում, ավելին` ձեռք բերելով պանդեմիկ ներուժ` առողջապահության համար ստեղծելով նոր խնդիրներ:
Համաճարակային իրավիճակը երկու փուլով է ընթանում: Առաջին փուլում ավելի ծանրաբեռնված են աշխատում պոլիկլինիկական կազմակերպությունները, երկրորդ փուլն ավելի ծանր է, որն արձանագրվում է Ամանորի տոներից հետո մինչև փետրվարի երկրորդ կամ երրորդ տասնօրյակը: Այս պարագայում ոչ ոք չի կարող բացառել, որ հոսպիտալացման դեպքեր չեն լինի, որովհետև ցանկացած անձ խոցելի է գրիպի և շնչառական հարուցիչների նկատմամբ:
Ամեն տարի անհրաժեշտություն է առաջանում վերանայել միջոցառումները` ուղղված գրիպի և սուր շնչառական վարակների կանխարգելմանը:
Առողջապահության նախարարությունը մասնակցում է մի շարք միջազգային ծրագրերի, ինչի արդյունքում առկա համաճարակաբանական հսկողության և լաբորատոր ախտորոշման համակարգը թույլ է տալիս առավել նպատակային կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ ձեռնարկել՝ հնարավորության սահմաններում նվազեցնելով նշված հիվանդություններով առողջապահության համակարգի բեռը:
Մասնավորապես ստեղծվել է`
- գրիպի և սուր շնչառական վարակների կատարելագործված համաճարակաբանական հսկողության համակարգ,
- համաճարակաբանական հսկողության տվյալների գործուն և արդիական բազա,
- բռնկումների վարման ընթացակարգեր,
- կատարելագործված և միջազգային ճանաչում ստացած լաբորատոր կարողություններ,
- ծանր սուր շնչառական վարակների միջազգային մոտեցումներին համահունչ բուժման մեթոդաբանություններ և այլն:
Ամեն տարի ինչպես բժշկական անձնակազմի, այնպես էլ հանրության իրազեկման և զգոնության բարձրացման նպատակով կազմակերպվում են մի շարք միջոցառումներ:
Հոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության համաշխարհային օրն է
Հոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության համաշխարհային օրն է, նշվում է 1992թ.-ից` Հոգեկան առողջության համաշխարհային ֆեդերացիայի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախաձեռնությամբ:
Այս տարի օրվա կարգախոսն է «Երիտասարդ մարդիկ և հոգեկան առողջությունը` փոփոխվող աշխարհում», իսկ խորհուրդը` հանրության, կազմակերպությունների և անհատների ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրել հոգեկան առողջության խնդիրներին` բարձրացնելով հոգեկան առողջության վերաբերյալ իրազեկումը, հատկապես դեռահասների և վաղ հասունացնան տարիքի երեխաների շրջանում նրանց կյանքում տեղի ունեցող փոփոխությունների, ապրումների, օնլայն տեխնոլոգիաներից առանց սահմանափակման օգտվելու, ալկոհոլի, թմրանյութերի օգտագործման վնասակարության վերաբերյալ, համախմբելով հոգեկան առողջության պահպանմանն ուղղված ջանքերը:
Հոգեկան խանգարումներ ունեցող անձանց մոտ հիվանդությունների գրեթե կեսն առաջանում է մինչեւ 14 տարեկանը. դրանց շարքում գերակշռում են դեպրեսիաները, ինչի հետևանքով 15-29 տարեկանների մոտ ինքնասպանությունը մահվան պատճառների մեջ զբաղեցնում է 2-րդ տեղը: Երիտասարդների և դեռահասների շրջանում կանխարգելումը սկսվում է հիվանդության վաղ շրջանում ախտանշանների իմացությունից, ինչին պետք է ամենօրյա աշխատանքներով նպաստեն ծնողները և մանկավարժները:
Հայաստանում հոգեկան առողջության խնդիրներ ունի շուրջ 54 հազար մարդ, ընդ որում` կյանքում առաջին անգամ հաստատված հոգեկան խանգարման ախտորոշումով հիվանդների թիվը 2559 է, որից 151-ը` 0-17 տարեկան երեխաների շրջանում, իսկ 568-ը` 18-19 տարիքային խմբում: Կյանքում առաջին անգամ հաստատված հոգեկան խանգարումների կառուցվածքում հատկապես մեծ թիվ են կազմում մտավոր հետամնացությունը` 687 դեպք, գլխուղեղի օրգանական վնասվածքներից առաջացող հոգեկան խանգարումներ ` 517 դեպք, նևրոտիկ և սթրեսով պայմանավորված խանգարումները` 458 դեպք և այլք:
Հոգեկան առողջության ամրապնդումը, հոգեկան խանգարումների կանխարգելումը, հոգեկան խանգարում ունեցող անձանց բուժումն ու վերականգնումը, հոգեկան լիակատար բարեկեցության վիճակի ապահովումը պետության առաջնահերթություններից են: Հոգեբուժական ծառայության բարելավման ուղղությամբ կատարվում են հետևողական աշխատանքներ` սերտ համագործակցելով նաև Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետ, այդ թվում` հոգեբուժական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովման առումով առկա խնդիրների բացահայտման և դրանց վերացմանն ուղղված շարունակական միջոցառումների իրականացման ուղղությամբ: Նաեւ այս լրջագույն նպատակադրմամբ է ներկայում վերանայվում «Հոգեբուժական օգնության մասին» օրենքը, դրա նոր նախագիծը նոր կարգավորումներ է նախատեսում տարիներ ի վեր արմատացած խնդիրներին:
ՀՀ Սահմանադրությամբ և «Հոգեբուժական օգնության մասին» օրենքով նախատեսված է, որ յուրաքանչյուր ոք ունի առողջության պահպանման իրավունք, և հոգեկան խանգարումներով տառապող անձանց հոգեբուժական օգնությունն իրականացվում է պետության երաշխավորած նպատակային ծրագրերի շրջանակներում` պետության միջոցների հաշվին:
Հոգեկան խանգարում կարող է ունենալ ցանկացած մարդ` անկախ տարիքից, սեռից, սոցիալ-տնտեսական կարգավիճակից, հասարակությունում զբաղեցրած դիրքից: Հոգեկան առողջությունը ներառում է շրջակա միջավայրի համապատասխան ընկալումը, սեփական ներուժը գիտակցելու, կյանքի սթրեսային վիճակները հաղթահարելու, արդյունավետ աշխատելու, հասարակական կյանքում սեփական ներդրումն ունենալու կարողությունը, որոշումներ կայացնելու և իրագործելու ունակությունը, կայուն հուզականության դրսևորումը և պահպանումը:
Հուլիսի 28-ը Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրն է
Առողջապահության նախարարությունում այսօր կայացած ասուլիսը նվիրված էր Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրվան: ՀՀ ԱՆ գլխավոր հեպատոլոգ Հասմիկ Ղազինյանն ու ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ ոչ վարակիչ հիվանդությունների և ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելա Աբովյանը ներկայացրել են առկա խնդիրները, ձեռքբերումները և անելիքները:
ԱՀԿ-ի տվյալներով` Եվրոպական տարածաշրջանում շուրջ 15 մլն մարդ ապրում է վիրուսային հեպատիտ Բ-ով, 14 մլն-ը` հեպատիտ Ց-ով:Վարակվածների երկու երրորդն ապրում է Կենտրոնական Ասիայում և Արևելյան Եվրոպայում: Լյարդի քաղցկեղով դեպքերի շուրջ 60% պայմանավորված է հեպատիտ Բ-ի և Ց-ի ուշ հայտնաբերումով, ընդ որում` հեպատիտ Բ-ով պայմանավորված է քաղցկեղների 43%-ը, հեպատիտ Ց-ով՝ 17%:
Հայաստանի Հանրապետությունում 1999 թվականին ներդրվել են Հեպատիտ Բ-ի դեմ կանխարգելիչ պատվաստումները, որից հետո Հայաստանում սկսեց դիտվել վիրուսային հեպատիտ Բ-ի հիվանդացության կտրուկ նվազում: Եթե մինչև հեպատիտ Բ-ի դեմ պատվաստումների իրականացումը և մեծահասակների, և մինչև 14 տարեկան երեխաների շրջանում նկատվում էր համաչափ նվազում` 2,5%, ապա 1999թ. պատվաստումների ներդրումից հետո, հատկապես մանկական ազգաբնակչության շրջանում արձանագրվել է հիվանդացության կտրուկ նվազում` 140 անգամ: Սա վառ ապացույցն է վիրուսային հեպատիտ Բ-ի կանխարգելման գործում պատվաստումների անհրաժեշտության, կարևորության և դրանց արդյունավետության:
Առողջապահության նախարարությունը վիրուսային հեպատիտների կանխարգելումը և դրանց դեմ պայքարն առավել համակարգված և արդյունավետ դարձնելու նպատակով ներդրել է «Հայաստանի Հանրապետությունում վիրուսային հեպատիտների վերահսկման և կանխարգելման 2015-2020 թվականների նպատակային ծրագիրը», որի շրջանակներում Հայաստանի Հանրապետության բժշկական կազմակերպություններում իրականացվում է ռիսկի խմբերում վաղ հայտնաբերման գործընթացը, իրականացվում են վիրուսային հեպատիտների համաճարակաբանական հսկողության համակարգի, լաբորատոր հսկողության համակարգի, ինչպես նաև բուժաշխատողների գիտելիքների շարունակական կատարելագործմանն ուղղված աշխատանքներ: Քրոնիկ հեպատիտ Բ-ի և Ց-ի դեպքերը, ինչպես նաև՝ հեպատիտ Բ-ի հակածնակիրները և հեպատիտ Ց-ի վիրուսի նկատմամբ հակամարմիններ ունեցող անձինք 2016 թվականից ներառվել են պաշտոնական պետական վիճակագրական հաշվետվական ձևաչափերում: Արդյունքում՝ Հայաստանի Հանրապետությունում վերջին հինգ տարվա ընթացքում սուր հեպատիտ Ց-ի հիվանդացության ցուցանիշը նվազել է 2.5 անգամ, իսկ սուր Բ-ինը՝ 1.7 անգամ:
Ամեն տարի հուլիսի 28-ը` ի պատիվ Նոբելյան մրցանակի դափնեկիր, հեպատիտի վիրուսի հայտնագործության հեղինակ (1965թ.) Բարուխ Բլամբերգի ծննդյան օրվա, նշվում է Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրը: Նպատակը` բնակչության շրջանում բարձրացնել գիտելիքները վիրուսային հեպատիտների, վիրուսի փոխանցման ու սպառնալիքների վերաբերյալ: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)` հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրվա 2018 թվականի կարգախոսն է «Հայտնաբերել և բուժել»:
Չուտել լցնովի պաղպաղակ, հետևել բոլոր նորմերին. ԱՆ հորդորը՝ քաղաքացիներին և տնտեսվարողներին
Շոգ եղանակին բարձրանում է վարակիչ հիվանդությունների և սննդային թունավորումների առաջացման և տարածման վտանգը: Այս առումով առողջապահության նախարարությունը տնտեսվարող սուբյեկտներին հորդորում է ճշգրիտ կերպով պահպանել մթերքի պատրաստման և իրացման պայմանները, իսկ քաղաքացիներին՝ զերծ մնալ արագ փչացող, պահպանման և իրացման համար հատուկ պայմաններ պահանջող սննդամթերքը (միս-մսամթերք, կաթ-կաթնամթերք, կրեմային հրուշակեղեն, մանկական սնունդ, չփաթեթավորված սննդամթերք, կարկանդակներ, փքաբլիթներ, խորոված, քաբաբ, գրիլ, արագ փչացող սննդատեսակներով սենդվիչներ, ձկնեղեն և այլն) բացօթյա պայմաններում և այդ նպատակի համար չնախատեսված վայրերից գնելուց:
Առավել ռիսկային է սննդամթերքի բացօթյա պատրաստումը և վաճառքը, որի դեպքում չի բացառվում սննդամթերքի մանրէային երկրորդային աղտոտումը, ինչը կարող է սննդային գործոնով պայմանավորված աղիքային վարակիչ հիվանդությունների և սննդային թունավորումների առաջացման ու տարածման պատճառ հանդիսանալ:
Աղիքային վարակիչ հիվանդություններից և սննդային թունավորումներից խուսափելու համար անհրաժեշտ է.
• սննդամթերքը (միրգ-բանջարեղեն) լավ լվանալ հոսող մաքուր ջրով,
• պահել սննդամթերքը պատշաճ ջերմային պայմաններում` սառնարանում,
• ընտրել թարմ, ոչ ժամկետանց սննդամթերք,
• չգնել արևի տակ, բաց օդում, փողոցներում, բակերում պատրաստվող և վաճառվող, պատրաստման և պահպանման հատուկ պայմաններ պահանջող սննդամթերք` միս-մսամթերք, կաթ-կաթնամթերք, կրեմային հրուշակեղեն, ձու, ձկնեղեն, թարմ ձկնկիթ, պահածոյացված սննդատեսակներ, կարկանդակներ, փքաբլիթներ, խորոված, քաբաբ և այլն,
• ընդհանրապես բացառել կրեմային հրուշակեղենի օգտագործումը, չգնել տեղում պատրաստվող լցնովի փափուկ պաղպաղակ, զովացուցիչ ըմպելիքներ, կվաս, թարմ մրգերից պատրաստվող հյութեր,
• սննդամթերքը պահել փակ տարաներում՝ ճանճերի կողմից աղտոտումը կանխարգելելու նպատակով,
• առանձնացնել հում սննդամթերքը եփածից, ինչպես նաև սննդի պատրաստման ժամանակ հում և պատրաստի մթերքի համար օգտագործել առանձին խոհարարական պարագաներ՝ դանակներ, ափսեներ, տախտակներ: Շատ կարևոր է հետևել, որպեսզի մսամթերքից և այլ հում մթերքից հոսող հեղուկը չաղտոտի պատրաստի սննդատեսակները (աղցաններ, միրգ և բանջարեղեն և այլն),
• սնունդը լավ եփել կամ տապակել` առնվազն 700C պայմաններում,
• պատահական վայրերից սունկ չգնել: Գնված սունկը լվանալիս պետք է լինել ուշադիր և չօգտագործել արտաքին տեսքը լրիվ կամ մասնակի փոխած սունկ
• հետևել ձեռքերի հիգիենային՝ լվանալ հաճախակի, յուրաքանչյուր անգամ սնունդ պատրաստելուց և ուտելուց առաջ, զուգարանից օգտվելուց հետո։
Երեք մարզում կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգ կանցկացվի
Եվրասիական զարգացման բանկի աջակցությամբ նախատեսվում է 2019-2020 թվականների ընթացքում Հայաստանի 3 մարզերում՝ Լոռի, Տավուշ և Սյունիք, կանանց շրջանում կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերմանն ու կանխարգելմանն ուղղված սքրինինգային հետազոտություններ իրականացնել: Այս հարցը քննարկվել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և Եվրասիական զարգացման բանկի ներդրումային նախագծերի հարցով լիազոր ներկայացուցիչ Արմեն Պողոսյանի հանդիպման ընթացքում: Սքրինինգային ծրագիրն իրականացվելու է «Առողջապահության առաջնային օղակում ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում Եվրասիական զարգացման բանկի ներդրումային ծրագրերին: Ձեռք է բերվել հետագա սերտ համագործակցությունն ապահովելու պայմանավորվածություն:
Կողմերը բարձր են գնահատել Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև ծավալված համագործակցության և փոխըմբռնման բարձր մակարդակը՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել փոխշահավետ համագործակցությունը:
Սննդում չօգտագործել անհայտ ծագման սունկ. ԱՆ
Այս տարի հանրապետությունում արձանագրվել է սնկից թունավորման 14 դեպք՝ 16 տուժածով, որից 11-ը` 13 տուժածով, գրանցվել է մայիսի ընթացքում: Թունավորման պատճառը անհատների կողմից հավաքված սնկի օգտագործումն է: Նշենք, որ նախորդ տարի նույն ժամանակահատվածում արձանագրվել է սնկից թունավորման 6 դեպք՝ 12 տուժածով:
Սնկից թունավորումները հիմնականում առաջանում են սնկերը չտարբերելու կամ դրանց ոչ ճիշտ մշակման հետևանքով, արդյունքում՝ թունավորում, ընդհուպ մինչև մահ: Որոշ տեսակի սնկեր սննդում կարելի է օգտագործել միայն խոհարարական համապատասխան մշակումից հետո: Իսկ թունավոր սնկերը ոչ մի դեպքում չի կարելի օգտագործել, քանի որ դրանք պարունակում են այնպիսի թունավոր նյութեր, որոնք չեն ոչնչանում խոհարարական և արտադրական մշակման ժամանակ (եփել, չորացնել, սառեցնել, մարինացնել և այլն):
Սնկից թունավորումներից խուսափելու համար խորհուրդ է տրվում.
- սննդում չօգտագործել անհայտ ծագման սունկ,
- չհավաքել սունկ ճանապարհների եզրերից,
- ուտելի և թունավոր սունկը տարբերելու համար հիմք չընդունել նկարները, քանի որ թունավոր սունկը շատ հաճախ աճում է ուտելի սնկի մոտ, և կարող են արտաքին տեսքով շատ նման լինել,
- չառաջնորդվել ժողովրդական մոտեցմամբ, ըստ որի` թունավոր սնկերին չեն մոտենում միջատները և այլ կենդանիները, կամ եփելու ընթացքում արծաթը սևանում է և սևացնում է արգանակը,
- չուտել հում սունկ,
- երեխաներին սունկ չկերակրել,
- աղեստամոքսային համակարգի խնդիրներ ունեցող անձանց խորհորդ չի տրվում սննդում օգտագործել սունկ,
- սնկի հետ չօգտագործել ալկոհոլ, քանի որ այն ակտիվացնում է մի շարք թունավոր նյութեր,
- թարմ սունկը 1 օրից ավելի չպահել` նույնիսկ սառնարանային պայմաններում,
- չզբաղվել ինքնաբուժմամբ:
Սնկից առաջացած թունավորումներն ունենում են սուր ընթացք: Հիվանդության առաջին նշանները կարող են ի հայտ գալ 15 րոպեից մինչև 72 ժամվա ընթացքում: Կլինիկական հիմնական ախտանշաններն են որովայնի կտրուկ ցավը, սրտխառնոցը, անընդհատ փսխումները, առատ քրտնարտադրությունը, թքահոսությունը, գլխապտույտը, գլխացավը, անհագ ծարավի զգացումը, զգայապատրանքները (հալյուցինացիա)` առանց քնկոտության, ցնորքը, գիտակցության կորուստը, դեմքի կարմրությունը, սրտխփոցը, վախի զգացումը, լյարդի ախտահարման արդյունքում` մեծացած և ցավոտ լյարդը, դեղնուկը, լյարդային կոման, երիկամների ախտահարում:
Առաջին նշանների ի հայտ գալուն պես անմիջապես պետք է դիմել բժշկի, որից մեծապես կախված է թունավորման բարեհաջող ելքը:
Հաջողված ծրագրերը շարունակվելու են
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և նախկին նախարար Լևոն Ալթունյանն այսօր հանդիպել են նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների հետ։
Շնորհավորելով Արսեն Թորոսյանին նշանակման կապակցությամբ` Լևոն Ալթունյանն աշխատանքային հաջողություններ է մաղթել և աջակցության պատրաստակամություն հայտնել։ Նա ընդգծել է, որ երկրում կատարված փոփոխությունների արդյունքում իրականացվող սերնդափոխությունը նոր շունչ կհաղորդի առողջապահության ոլորտին։ Նախկին նախարարը նաև շնորհակալություն է հայտնել անձնակզմին համատեղ անցած ճանապարհի, իրականացվող ծրագրերի համար` մաղթելով աշխատանքային հետագա հաջողություններ։
Արսեն Թորոսյանն ընդգծել է, որ իր գործունեության ընթացքում առաջնորդվելու է բացառապես առողջապահության նախարարության և կառավարության շահերով` ուղղված բնակչության առողջության պահպանմանը։
«Քաղաքական իրողություններ են փոխվել, ինչը հնարավորություն կտա աշխատելու բացառապես հանուն երկրի, հանուն ոլորտի զարգացման։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ վաղը նոր եկող մարդկանց հետ որևէ խնդիր չունենանք»,-ասել է առողջապահության նախարարը` հավելելով, որ ոլորտի քաղաքականություն մշակող այս կառույցը նաև պետք է հանդես գա համակարգին աջակցողի դերում և ոչ թե խանգարողի դերում, ինչպես երբեմն եղել է։
Արսեն Թորոսյանն ընդգծել է, որ առողջապահության ոլորտում իրականացվող հաջողված բոլոր ծրագրերը շարունակվելու և զարգանալու են։ Այն ծրագրերը, որոնք թերություներ ունեն կամ շտկումների անհրաժեշտություն կա, կվերանայվեն, գուցե և դադարեցվեն։ Նախարարը նշել է նաև նոր ծրագրեր մեկնարկելու մասին։
Առօրյա աշխատանքում Արսեն Թորոսյանը բոլորից ակնկալում է լիովին նոր մոտեցում և նոր աշխատելաոճ։
Ցանկացած որոշման կատարման կարևոր բաղադրիչ է հանրության աջակցությունը. Նիկոլ Փաշինյան
15 Մայիսի 2018 երեքշաբթի
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ առողջապահության նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին ներկայացնելով նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանին` խնդիր է դրել լուծել կենսական նշանակության մի հարց. Հայաստանում բժշկական օգնության կարիք ունեցող ցանկացած քաղաքացի պետք է ունենա հիվանդանոցային բուժման հնարավորություն։ «Ցավոք, պետական պատվերի համակարգը սպառել է իրեն, և մենք պետք է փորձենք այնպիսի համակարգ ներդնել, որպեսզի կարողանանք լուծել ռազմավարական նշանակության այդ հարցը»,-ասել է վարչապետը։
Նա հույս է հայտնել, որ առկա խնդիրները կլուծվեն հնարավորինս կարճ ժամանակում, բայց առավելագույն արդյունավետությամբ` մի կողմից կարևորելով թանկարժեք ժամանակը չկորցնելը, մյուս կողմից` շտապողական քայլերով նոր խնդիրներից խուսափելը։
Կառավարության ղեկավարը նաև շնորհակալություն է հայտնել նախարար Լևոն Ալթունյանին կատարած աշխատանքի համար։ Իսկ նորանշանակ նախարարին աշխատանքային հաջողություններ է մաղթել։
Շնորհակալություն հատնելով վստահության համար` Արսեն Թորոսյանը նշել է, որ արդեն հասցրել է մոտիկից ծանոթանալ ոլորտում իրականացվող որոշ ծրագրերի ընթացքին, և նախաձեռնություններ են մշակվում հանրության կողմից միանշանակ չընդունված խնդիրների լուծման ուղղությամբ։
«Արդեն քննարկումներ են սկսվել նաև պետպատվերի շրջանակում համապարփակ առողջապահական ծածկույթ ապահովելու ուղղությամբ»,-ասել է Արսեն Թորոսյանը։ Նա շեշտել է, որ համակարգում իրականացվող հաջողված բոլոր ծրագրերը կզարգանան, որոնք շտկումների կարիք ունեն` կշտկվեն, միաժամանակ նոր ուղղություններ կընդգրկվեն։
«Մեր որոշումները չպետք է լինեն որևէ տեղից պարտադրված կամ ունենան կոռուպցիոն ռիսկեր։ Եթե կայացնենք որևէ որոշում, ուրեմն փաստարկներով համոզվել ենք դրա անհրաժեշտության և կարևորության մեջ։ Հետևաբար, նույն փաստարկներով պետք է կարողանանք համոզել նաև հանրությանը, որ սա հենց այն է, ինչն իրեն անհրաժեշտ է»,-ասել է վարչապետը` հավելելով, որ կառավարությունը չպետք է մոռանա, թե ում շնորհիվ և ում մանդատով է դարձել իշխանություն։
Այս ենթատեքստում Նիկոլ Փաշինյանը կարևորել է կառավարության գործողությունների պատճառահետևանքային կապերի հստակությունը։ Նա ցանկացած որոշման կատարման կարևոր բաղադրիչ է համարել հանրության աջակցությունը։
Հետևաբար, բոլոր որոշումները պետք է հասկանալի լինեն մարդկանց համար։ Նա հորդորել է մշտապես երկխոսության մեջ և հաշվետու լինել հանրությանը։
«Մեզանում հանրությանն արդյունավետ որոշումների կայացման մասնակից դարձնելու մշակույթ պետք է ձևավորենք»,-ասել է վարչապետը։ Նա ընդգծել է, որ այժմյան կառավարությունը ժողովրդի վստահության կառավարություն է։ Հանրությունն ունի ինչպես իշխանության բերելու, այնպես էլ հեռացնելու հնարավորություններ։
Նիկոլ Փաշինյանը խնդիր է դրել ծառայությունները կատարել առավելագույն բարեխղճությամբ և արդյունավետությամբ։
Լևոն Ալթունյանի ուղերձը բուժքույրերի միջազգային օրվա կապակցությամբ
Թանկագին բուժքույրեր, հարգելի գործընկերներ,
ջերմորեն շնորհավորում եմ ձեր մասնագիտական տոնի՝ բուժքույրերի միջազգային օրվա կապակցությամբ:
Չափազանց մեծ է ձեր դերակատարությունը։ Անհնար է պատկերացնել առողջապահության համակարգն առանց ձեր մասնակցության։ Դուք բժիշկների անփոխարինելի օգնականներն եք, որ մասնագիտական ձեր գործառույթներով, ձեր բարի վերաբերմունքով նպաստում եք հիվանդի արագ ապաքինմանը։
21-րդ դարում բուժքույրն առավել մեծ առաքելություն ունի, ինչը պահանջում է մշտապես բարձրացնել մասնագիտական ունակություններն ու փորձառությունը։ Հայաստանում ներդրված շարունակական մասնագիտական զարգացման համակարգը ձեզ համար հնարավորություն է ստեղծել ետ չմնալու աշխահի զարգացումներից։
Հայաստանի և Արցախի բոլոր բուժքույրերին մաղթում եմ առողջություն և անձնական երջանկություն` մարդասիրական իրենց առաքելությունը մեծ նվիրումով և բարձր տրամադրությամբ շարունակելու համար:
Հարգանքով` Լևոն Ալթունյան
Մալարիայի համաշխարհային օրն է
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն, իր կազմավորման օրվանից սկսած, արդեն շուրջ 7 տասնամյակ է, ինչ օգնում է երկրներին մալարիայի դեմ պայքարի գործում: Յուրաքանչյուր տարի, ապրիլի 25-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նշում է որպես Մալարիայի համաշխարհային օր: Թեև 2000 թվականից սկսած մալարիայի հիվանդացությունն աշխարհում զգալիորեն նվազել է, սակայն մալարիան շարունակում է մնալ բազմաթիվ երկրների հանրային առողջապահության գերակա խնդիրներից մեկը:
2016 թվականին հայտարարվեց, որ ԱՀԿ-ի Եվրոպական տարածաշրջանը դարձել է աշխարհում մալարիայից լիովին ազատ առաջին տարածաշրջանը: Սա մեծ ձեռքբերում է համաշխարհային հանրության համար՝ մալարիայի էլիմինացիայի (վերացման) պայքարում:
Սակայն հիվանդության վերադարձի վտանգը դեռ կա, քանի որ մեծ է այլ տարածաշրջաններից բերովի դեպքերի թիվը: Ձեռք բերված արդյունքները պահպանելու համար անհրաժեշտ է շարունակաբար արդյունավետ համաճարակաբանական հսկողություն իրականացնել:
2015 թվականի մայիսին Առողջապահության համաշխարհային վեհաժողովը հավանություն է տվել մալարիայի 2016-2030 թվականների գլոբալ ռազմավարությանը, որը հավակնոտ նպատակներ է սահմանել 2030 թվականին առնվազն 90%-ով նվազեցնել մալարիայի հիվանդացությունը և մահացությունը` վերացնելով մալարիան առնվազն 35 երկրում, կանխել հիվանդության կրկին արմատավորումն այն երկրներում, որոնք ազատ են մալարիայից: Հայաստանում մալարիայի տեղական դեպքեր չեն արձանագրվել 2006 թվականից ի վեր։ 2011 թվականին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Հայաստանի Հանրապետությունը վկայագրել է որպես մալարիայից ազատ տարածք:
Մալարիայի համաշխարհային օրվա կապակցությամբ մեր համերաշխությունն ենք հայտնում աշխարհում մալարիայի դեմ պայքարող բոլոր ուժերին և հույս հայտնում, որ համատեղ ջանքերով կապահովվի մալարիայի կրկին արմատավորման կանխարգելումը Հայաստանում:
Մարտի 1-ից դեղատոմսով դուրս գրվող դեղերի ցանկերը
2018 թվականի մարտի 1-ից Հայաստանի Հանրապետությունում գրանցված հակավարակային (այդ թվում հակաբիոտիկներ), հսկվող և հորմոն պարունակող դեղերը ձեռք բերելու համար անհրաժեշտ է բժշկական կազմակերպության կողմից տրված դեղատոմսի առկայություն` ըստ սահմանված կարգի:
Ցանկերը ստորև`
Հայաստանի Հանրապետությունում գրանցված հակավարակային դեղերի ցանկ (33Կբ)
Հայաստանի Հանրապետությունում գրանցված հոգեմետ նյութ պարունակող դեղեր (28Կբ)
Հայաստանի Հանրապետությունում գրանցված հորմոնային դեղերի ցանկ (45Կբ)
Նշենք, որ սահմանվել է դեղատոմսի 4 նոր ձևաթուղթ՝ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, մեկանգամյա կամ բազմակի անգամ տրամադրվող դեղերի համար: Որևէ այլ թղթի վրա գրված դեղատոմսով դեղի դուրսգրումն արգելվում է։ Ինչ վերաբերում է դեղատոմսի ժամկետներին, ապա թմրանյութեր ու հոգեմետ նյութեր պարունակող դեղերի դեղատոմսերն ուժի մեջ են 10 օր, իսկ մնացած դեղերն ու բազմակի դեղատոմսերը` 6 ամիս: Միաժամանակ, մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ուժի մեջ են նախկին կարգով հաստատված դեղատոմսերի ձևերը: Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետությունում գրանցված առանց դեղատոմսի բաց թողնվող դեղերին, ապա ցանկը հասանելի է այստեղ:
ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է
ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառումը մեկնարկել է Լևոն Ալթունյանի ուղերձով։
«Օրն առիթ է մեկ անգամ ևս խոսելու մեր երկրում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ուղղությամբ տարվող աշխատանքների, ձեռքբերումների և, իհարկե, առաջիկա անելիքների մասին:
Ուրախությամբ ուզում եմ փաստել, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ոլորտում մենք շարունակաբար հաջողություններ ենք արձանագրում, որոնց մասին բազմիցս տեղեկացրել ենք։ Սակայն, օրվա խորհուրդը պարտադրում է շեշտադրել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին մարդկանց իրազեկվածության բարձրացման, վարակի կանխարգելման և արդյունավետ բուժման հարցերը»,-նշված էր ուղերձում, որը ներկայացրել է ՀՀ ԱՆ աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Մելիք–Նուբարյանը։
Նախարարն իր խոսքում ընդգծել է Կայուն զարգացման նպատակին` մինչև 2030 թվականը ՁԻԱՀ-ի համաճարակի վերացմանը հասնելու ուղղությամբ իրականացվող և նախատեսվող քայլերը։
«ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 2016թ. ստորագրված Հռչակագիրը մեր առջև խնդիր է դրել մինչև 2020 թվականը հասնել 90-90-90 նպատակներին», - ասվում է ուղերձում։ Դա ենթադրում է, որ ՄԻԱՎ-ով ապրող մարդանց 90%-ը պետք է իմանա իր կարգավիճակի մասին, նրանց 90%-ը պետք է ստանա բուժում և բուժվողների 90%-ի մոտ պետք է գրանցվի վիրուսային ծանրաբեռնվածության չհայտնաբերվող մակարդակ։
ՌԴ կառավարության կողմից Հայաստանին նվիրաբերված երկու շարժական կլինիկաները զգալիորեն նպաստել են հատկապես աշխատանքային միգրանտների շրջանում ՄԻԱՎ վարակին առնչվող ծառայությունների հասանելիության մեծացմանը: «Ռուսաստանը ձգտում է այս ոլորտում ստանձնած պարտավորությունների կատարմանը` առաջնահերթ նշանակություն տալով երկրի առողջապահության քաղաքականության իրականացմանը», - նշել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը։
ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը հակիրճ ներկայացրել է հիվանդության համաճարակաբանական իրավիճակը Հայաստանում, ինչպես նաև ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հակազդման ուղղությամբ արձանագրված հաջողությունները։
Միջոցառման ավարտին ներկաներին առաջարկվել է անցնել ՄԻԱՎ-ի, հեպատիտներ Բ-ի և Ց-ի վերաբերյալ հետազոտություն Կենտրոնի բակում կայանած շարժական կլինիկայում: Իվան Վոլինկինը, Դավիթ Մելիք-Նուբարյանը, միջոցառման բազմաթիվ աշխատակիցներ հետազոտվել են` իրենց օրինակով խրախուսելով հանրությանը:
Հ.Գ. Հանրապետությունում ՄԻԱՎ վարակով բոլոր պացիենտների համար հասանելի է հակառետրովիրուսային բուժումը։ Երկրում, հատկապես` հեռավոր գյուղական և քաղաքային բնակավայրերում, զգալիորեն մեծացել է ՄԻԱՎ վարակին առնչվող ծառայությունների հասանելիությունը։ Ամենուր տրամադրվում են որակյալ ինտեգրված ծառայություններ։ Մոնիտորինգի և գնահատման գործող ազգային համակարգը հնարավորություն է տալիս մշտական հսկողության տակ պահել այս գործընթացների արդյունավետությունը։
Կարևորագույն ձեռքբերում է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացումը, ինչը վավերացվել է Առողջահության համաշխարհային կազմակերպության կողմից: Հայաստանում 2007թ.-ից ի վեր, կանխարգելիչ բուժում ստացած մայրերից ծնված երեխաների շրջանում ՄԻԱՎ վարակի որևէ դեպք չի արձանագրվել: Հայաստանը ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանի 53 երկրների թվում առաջինն է արժանացել նման բարձր գնահատականի։
2017թ. ՄԱԿ-ի պետական ծառայության մրցույթում «Առողջապահական ծառայությունների տրամադրման գործում նորարարություն և գերազանց որակ» անվանակարգում ՁԻԱՀ-ի կենտրոնը հաղթող է ճանաչվել և զբաղեցրել առաջին տեղը՝ արժանանալով գավաթի և հավաստագրի։
Ծխախոտի դեմ պայքարի ազգային օրն է
Հայաստանի Հանրապետությունը 2004 թվականի հոկտեմբերի 12-ին միացավ Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Ծխախոտի դեմ պայքարի մասին» շրջանակային կոնվենցիային: 2008-ից, ՀՀ առողջապահության նախարարության և Հայաստանի հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ, հոկտեմբերի 12-ը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հայտարարվեց «Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր»:
ՀՀ-ում Ծխախոտի դեմ պայքարի գործողությունների նպատակն է պաշտպանել մարդկանց առողջությունը ծխախոտի օգտագործման ու ծխախոտի ծխի ազդեցության, ինչպես նաև սոցիալական, բնապահպանական և տնտեսական բացասական կործանարար հետևանքներից: Պայքարի հիմնական գործիքներն են՝ գովազդի, հովանավորչության և վաճառքի խթանման ամբողջական արգելքը, հասարակական վայրերում ծխախոտի սահմանափակումը:
Ամբողջ աշխարհում ծխախոտի օգտագործումը և դրա հետևանքով առաջացած հիվանդացության և մահացության բարձր ցուցանիշներն առողջապահական և տնտեսական լուրջ խնդիրներ են ստեղծում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` աշխարhում յուրաքանչյուր 6 վայրկյանը մեկ ծխախոտի հետևանքով առաջացած հիվանդություններից մարդ է մահանում:
Այս տարվա վիճակագրական տվյալների համաձայն` Հայաստանում 16 տարեկանից բարձր տղամարդկանց կեսից ավելին ամենօրյա ծխող է: Կանանց շրջանում ծխախոտի օգտագործման ցուցանիշը հասնում է 5%-ի:
Ծխախոտի դեմ պայքարի ԱՀԿ Կոնվենցիայով օրենսդրությանը վերաբերող պահանջներն ապահովելու նպատակով մշակվել և օգոստոսի 3-ին ՀՀ կառավարության հավանությանն է արժանացել «Ծխելու դեմ պայքարի ռազմավարությունը», որի թիրախը առաջիկա 3-4 տարում ծխող տղամարդկանց թիվը շուրջ 10%-ով կրճատելն է։ Այժմ ձևավորվում է Ծխելու դեմ պայքարի գործողությունների իրականացման համակարգող միջգերատեսչական հանձնաժողով։ Զուգահեռաբար աշխատանքներ են իրականացվում օրենսդրական դաշտը կատարելագործելու ուղղությամբ։
Մոտ օրերս ռեֆորմի շրջանակներում մշակված օրենսդրական փաթեթը կներկայացվի հանրությանը:
Սուր շնչառական շնչառական վարակներն արձանագրվում են սեզոնին համապատասխան
Սուր շնչառական վարակներին բնորոշ է աշուն-գարուն սեզոնյանությունը։ Հանրապետությունում գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնն ամեն տարի սկսվում է հոկտեմբերից։ Սակայն, մինչև սեզոնի սկսվելը, յուրաքանչյուր տարի, կապված եղանակի ջերմաստիճանի հետ, դիտվում է աշխուժացում՝ պայմանավորված սուր շնչառական վարակների հարուցիչների (ոչ գրիպի) ակտիվությամբ։
Այսօր հանրապետությունում սուր շնչառական վարակներն արձանագրվում են սեզոնին համապատասխան, հիվանդանոցներում, մասնավորապես՝ մանկական, այս հիվանդությունների առնչությամբ բարձր դիմելություն չկա:
Վերջին օրերի ընթացքում իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքները փաստում են, որ հանրապետությունում շրջանառում են ռինովիրուսներ, պարագրիպի վիրուսներ, ռեսպիրատոր սինտիցիալ վիրուսներ, որոնց նկատմամբ առավել խոցելի են երեխաները։
ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է բնակչությանը խուճապի չմատնվել և սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշանների (ջերմություն, հազ, թքահոսություն) դեպքում դիմել բժշկական օգնության, չզբաղվել ինքնաբուժմամբ։ Միաժամանակ առաջարկվում է`
- Հագնվել եղանակին համահունչ,
- Խստորեն հետևել անձնական հիգիենայի կանոններին,
- Հաճախ օդափոխել փակ տարածքները,
- Չզբաղվել ինքնաբուժմամբ։
Պատվաստումների ազգային օրացույցը կհամալրվի
«Արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելման և վերահսկման նպատակով դեռ մի քանի տարի առաջ ՀՀ առողջապահության նախարարությունը մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումների ներդրման ուղղությամբ քայլեր էր ձեռնարկում։ Միջազգային մի շարք կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում արդեն հնարավորություն ունենք այն ընդգրկելու Պատվաստումների ազգային օրացույցում»,-ասել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը նախարարությունում կազմակերպված ասուլիսի ժամանակ։
Փոխնախարարը նշել է, որ աշխարհի 71 երկրում, այդ թվում 33 եվրոպական երկրում` Մեծ Բրիտանիայում, Բելգիայում, Դանիայում, Նիդերլանդներում, Պորտուգալիայում, Շվեյցարիայում, ինչպես նաև ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում, արդեն իսկ ներդրվել են մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումները:
«Ծնողներն իսկապես պետք է գնահատեն իրենց տրված այս հնարավորությունը: Երբ նժարի վրա դնեն իրենց երեխայի կյանքն ու պատվաստման հանդեպ ունեցած վերաբերմունքը` առաջինն անպայման հաղթելու է: Մենք բաց ենք, և անհրաժեշտության դեպքում պատրաստ մեր բնակչությանը ներկայացնելու բոլոր հնարավոր ռիսկերը: Աշխարհը գնացել է այս ճանապարհով, և արդյունքները դրական են»,-ասել է Սերգեյ Խաչատրյանը:
Անդրադառնալով պատվաստման հետ կապված հնարավոր դժգոհություններին` ԱՀԿ երևանյան գրասենյակի տնօրեն Եգոր Զայցևն ընդգծել է. «ԱՀԿ-ն աջակցում է այս նախաձեռնությանը։ Պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստման ներդրումը հեղափոխական քայլ է արգանդի վզիկի քաղցկեղի դեմ պայքարի գործում»:
Մասնագիտական տոնը` մարզերի բուժաշխատողների հետ
Բուժաշխատողի օրը ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն այցելել է Գեղարքունիքի, ապա Լոռու մարզեր։
Գավառում մարզպետ Կարեն Բոթոյանի հետ նա հանդիպել է մարզի բուժաշխատողների հետ: Մասնագիտական տոնի կապակցությամբ նախարարը երախտիքի խոսք է հղել մեծ նվիրումով իրենց առաքելությունը կատարող բուժաշխատողներին։
«Մենք շատ բարձր ենք գնահատում ձեր աշխատանքը, այն ամենը, ինչ դուք անում եք երկրի սահմանը պահող մեր հայրենակիցների առողջության պահպանման համար»,-նշել է Լևոն Ալթունյանը։
Գեղարքունիքի մարզում բուժաշխատողի օրվա կապակցությամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմանամերձ տարածքում մասնագիտական պարտականությունները բարեխղճորեն կատարելու և երկարամյա նվիրված աշխատանքի համար մարզի մի խումբ բուժաշխատողների նախարարը պատվոգրեր է հանձնել։
Այնուհետև նախարար Լևոն Ալթունյանը Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ Հովհաննես Աբելյանի անվան պետական թատրոնի դահլիճում մասնակցել է Բուժաշխատողի օրվան նվիրված հանդիսությանը:
«Սիրելի լոռեցիներ, գործընկերներ, ես ուզում եմ սրտի խոսք ասել ձեզ. մենք ամեն առավոտ արթնանում ենք այն գիտակցությամբ, որ մեզ սպասում է ուրիշի ցավը, ուրիշի կյանքը փրկելու առաքելությունը: Եվ ամեն օր նույնը կրկնում ենք՝ հիվանդի աչքերում հույս տեսնելու ակնկալելով», -ասել է նախարարը՝ հավելելով, որ երկրի ղեկավարությունը աշխատում է հանուն բնակչության առողջության պահպանման ու բարօրության, միաժամանակ փոխանցելով վարչապետի բարեմաղթանքները:
Միջոցառման ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը Լոռու մարզի մի խումբ բուժաշխատողների ևս պարգևատրել է պատվոգրերով։
Նշենք, որ Բուժաշխատողի օրվա կապակցությամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի և Լոռու մարզերում առողջապահական համակարգի զարգացման ուղղությամբ առաջադեմ մոտեցումների ներդրման համար պատվոգրի են արժանացել նաև մարզպետարանների առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետեր Անուշ Պողոսյանը և Սամվել Լամբարյանը։
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի ուղերձը Բուժաշխատողի օրվա կապակցությամբ
Սիրելի բուժաշխատողներ,
Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքը մասնագիտական մեր տոնի` բուժաշխատողի օրվա կապակցությամբ։
Սովորաբար այս տոնն առիթ է խոսելու բժշկի և, առհասարակ` բուժաշխատողի առաքելության, նվիրումի ու փրկված կյանքերի մասին։
Մասնագիտական տոնի կապակցությամբ ցանկանում եմ երախտիքի խոսքեր հղել մեր բժիշկներին, բուժքույրերին ու մայրապետներին, առողջապահության կազմակերպչներին և բոլոր նրանց, ովքեր, հավատարիմ մնալով իրենց առաքելությանը, գիշեր ու ցերեկ մեծ նվիրումով պայքարում են մեր քաղաքացիների կյանքի և ապաքինման համար։
Օրը նաև առիթ է ձեռքբերումներն ամփոփելու և առկա խնդիրներին անդրադառնալու։ Առողջապահական համակարգը քիչ հաջողություններ չի արձանագրել բնակչության առողջության պահպանման, պատշաճ բժշկական օգնության տրամադրման գործում։ Ինչ խոսք, կան նաև դժվարություններ ու չլուծված խնդիրներ։
Այսօր մենք ձեզ հետ միասին ոլորտում լուրջ փոփոխությունների իրականացման սկիզբ ենք դրել։ Տոնական օրը չծանրաբեռնելով` միայն ընդգծեմ, որ սոցիալական ուղղվածություն ունեցող մեր բոլոր բարեփոխումներն իրենց արտացոլումն են գտել կառավարության ծրագրում։ Դրանք մի կողմից միտված են բնակչությանն ավելի որակյալ և հասանելի բժշկական ծառայությունների ապահովմանը, մյուս կողմից` բուժաշխատողի պատվի ու արժանապատվության պաշտպանվածությանը։
Թույլ տվեք մեր տոնի կապակցությամբ մեկ անգամ ևս սրտանց շնորհավորել ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում և Սփյուռքում աշխատող մեր հայրենակից գործընկերներին։ Բոլորովին վերջերս Բուենոս Այրեսում կայացած Հայ բժիշկների 12-րդ միջազգային համագումարում ձեռք բերված պայմանավորվածությունները հույս են ներշնչում, որ մեր առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումներին մասնակից կդառնան նաև սփյուռքահայ մեր գործընկերները։
Առանձնահատուկ ուզում եմ շնորհակալություն հայտնել ռազմական բժիշկներին և և սահմանամերձ համայնքների մեր բուժշխատողներին, ովքեր հոգ են տանում հայ զինվորների և սահմանը պահող մեր հայրենակիցների առողջության մասին։
Բոլորիդ մաղթում եմ ամուր առողջություն և անձնական երջանկություն, լավատեսություն և հավատ առ այն, որ համատեղ ջանքերով կկարողանանք երկրի առողջապահական համակարգը դարձնել շատ ավելի լավը։
Երիտասարդ բժիշկներն առաջարկել են խստացնել ծխախոտի դեմ պայքարը
Լոռու մարզի երիտասարդ մասնագետների հետ հանդիպման ընթացքում քննարկվել են նախարարության կողմից իրականացվող և նախանշվող ծրագրերը։ Լևոն Ալթունյանը ներկայացրել է առանձին ծրագրերի իրականացման մեխանիզմներն ու ակնկալվող արդյունքները։
Վանաձորի, Սպիտակի և Ալավերդու բժշկական կենտրոնների երիտասարդ մասնագետներն կարևորել են ծխածոտի դեմ պայքարը` առաջարկելով խստացնել այն։ Ծանոթանալով այդ ուղղությամբ նախարարության որդեգրած մոտեցումներին` նրանք ողջունել են նախանշվող նոր քայլերը։
Քննարկվել են նաև պետական պատվերի տեղադրմանը, բժշկական ապահովագրական փաթեթների, բժշկական հաշտարարի ինստիտուտի ներդրմանը, ինչպես նաև բուժհիմնարկների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր։
ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Լևոն Ալթունյանի երիտասարդ հյուրերն առանձնակի հետաքրքրություն են ցուցաբերել մասնագիտական շարունակական զարգացման համակարգում նախատեսվող փոփոխությունների, ինչպես նաև կլինիկական ուղեցույցների և պացիենտի վարման գործելակարգերի ներդրման նկատմամբ։ Ընդգծվել է վերջինիս կարևորությունն ինչպես բժշկական օգնության որակի բարելավման, այնպես էլ բժշկի պաշտպանվածության ապահովման գործում։ Վանաձորի բժշկական կենտրոնի ախտաբանաանատոմիական բաժանմունքի երիտասարդ ղեկավարը, օրինակ բերելով սեփական փորձը, ընդգծել է, թե էլեկտրոնային առողջապահական համակարգը որքան է հեշտացնում աշխատանքը և խնայում մասնագետի ժամանակը։
Լևոն Ալթունյանն իր երիտասարդ հյուրերին ծանոթացրել է նաև առողջապահության նախարարության հնգամյա ծրագրի առանձին դրույթներին և դրանցից ակնկալվող արդյունքներին։
Լևոն Ալթունյանն ընդգծել է, որ երիտասարդ մասնագետների հետ հանդիպումները շարունակական են լինելու։
Պետական պատվերով մատուցվող ծառայությունները մայիսի 1-ից կֆինանսավորվեն էլեկտրոնային առողջապահական համակարգի տվյալներով
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն աշխատանքային կարգով հանդիպել է ՀՀ մարզպետարանների առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունների և բաժինների պետերին` քննարկելու էլեկտրոնային առողջապահական համակարգի մեկնարկին առնչվող հարցերը: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԱՆ աշխատակազմի ղեկավար Նելսոն Զուլոյանը և Էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրման հանձնաժողովի նախագահ Վարդան Գևորգյանը:
Լևոն Ալթունյանը ներկաներին հիշեցրել է, որ պայմանավորվածության համաձայն մայիսի 1-ից ամբողջությամբ ներդրվում է էլեկտրոնային առողջապահական համակարգը և հորդորել լինել առավել քան ուշադիր, քանի որ ֆինանսավորումն այսուհետև կատարվելու է մուտքագրված տվյալների հիման վրա:
ՀՀ մարզպետարանների առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունների և բաժինների պետերը ներկայացրել են տվյալների մուտքագրման ընթացքում ծագած հարցերը, հանդես եկել առաջարկներով, կիսվել մտահոգություններով:
Բարձրաձայնված խնդիրներին մասնագետները տեղում պատասխանել են: Էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրման հանձնաժողովի նախագահ Վարդան Գևորգյանը կարևորել է գործնական աշխատանքների հիման վրա ներկայացվող դիտարկումները և առաջարկները, որոնք հաշվի առնելով կատարելագործվում է համակարգը:
Այսպիսով` մայիսի 1-ից բժշկական կազմակերպությունները կանցնեն Էլեկտրոնային առողջապահական համակարգի կիրառմանը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ապրիլի 7-ը հռչակել է Առողջության համաշխարհային օր` խորհրդանշելով կառույցի հիմնադրումը: Սա յուրահատուկ հնարավորություն է աշխարհի բոլոր պետությունների ջանքերը համախմբելու հանրային առողջապահության որևէ կարևորագույն հիմնախնդրի շուրջ:
Այս տարի առողջության համաշխարհային օրվա թեման «Դեպրեսիան» է և միջոցառումները, որոնք կրում են «Եկ խոսենք» խորագիրը, նպատակաուղղված են դրա կանխարգելմանը:
Դեպրեսիան ազդում է բոլոր մադկանց վրա անկախ տարիքից, սեռից, ազգությունից: Այն առաջացնում է հոգեկան ցավ և ազդում մարդկանց ունակության վրա իրականացնելու նույնիսկ իրենց ամենօրյա գործողությունները և ազդում նրանց հարաբերությունների վրա իրենց ընտանիքի անդամների ու ընկերների հետ: Ավելին, դեպրեսիան կարող է հանգեցնել ինքնասպանության, որն այժմ մահվան երկրորդ պատճառն է 15-29 տարեկանների շրջանում:
Այդ առիթով ԱՀԿ հայաստանյան գրասենյակը ՀՀ առողջապահության նախարարության (ԱՆ) հետ համատեղ հրավիրել էր մամուլի ասուլիս, որին մասնակցել են Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Եգոր Զայցևը, ՄԱԿ մշտական համակարգող ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն, ՀՀ ԱՆ Բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Դավիթ Մելիք-Նուբարյանը, ՀՀ ԱՆ գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանը:
Ողջունելով ներկաներին` ՀՀ ԱՆ Բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Դավիթ Մելիք-Նուբարյանը նշել է, որ հոգեկան առողջության խնդիրներն ուշադրության կենտրոնում են: «Հոգեկան առողջության պահպանման և բարելավման 2014-2019 թվականների ռազմավարության» շրջանակներում իրականացվել են բազմաթիվ միջոցառումներ` ուղղված հոգեկան առողջության մատչելիության, հասանելիության ապահովմանը, որակյալ ծառայությունների տրամադրմանը:
Իհարկե, շատերը խուսափում են բուժումից կամ հետաձգում, վախենալով շրջապատի կանխակալ կամ խտրական վերաբերմունքից՝ հանգեցնելով դեպրեսիայի ախտորոշման և բուժման էական խնդիրների: Արդյունքում, դեպրեսիայով տառապողների միայն չնչին տոկոսն է ստանում անհրաժեշտ բուժում, որը համապատասխանում է նրանց կարիքներին:
«Առավել տարածված հոգեկան առողջության խանգարումները, այդ թվում նաև դեպրեսիան, կարող են կանխվել և բուժվել համեմատաբար ցածր ծախսերով: Բուժումը սովորաբար ենթադրում է կամ խոսքային թերապիա կամ հակադեպրեսանտների օգտագործում, իսկ երբեմն էլ այդ երկուսի համադրությունը»,- նշեց Եգոր Զայցևը՝ ԱՀԿ ներկայացուցիչը Հայաստանում:
Վերջին տասնհինգ տարիներին հասանելի գիտելիքների ծավալը զգալիորեն մեծացել է: Դեպրեսիայի ավելի արդյունավետ կանխարգելումը և բուժումը՝ զուգորդված այդ հիվանդության վերաբերյալ հանրային իրազեկվածության բարելավմամբ, կարող են դառնալ երկրների կողմից իրականացվող այն աշխատանքների անբաժանելի մասը, որոնք ուղղված են առողջապահական ծառայությունների համընդհանուր ընդգրկմանը և սոցիալական ինտեգրմանը:
ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ ՎԱՆԱՁՈՐԻ ԹԻՎ 1 ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՅՈւՄ
2017թ. մարտի 9-15-ը անց է կացվում «Բաց դռների օր» առողջապահական միջոցառումը, որի շրջանակներում Երևան քաղաքի «Էրեբունի» ԲԿ-ից ժամանած առաջատար բժիշկ-մասնագետներ`
նյարդաբան,
սրտաբան,
ներզատաբան,
ակնաբույժ,
ուռուցքաբան,
մանկաբարձ-գինեկոլոգ,
մաշկաբան, անոթաբան,
ուռոլոգ,արյունաբան,
վնասվածքաբան,
մանկաբույժ
Կտրամադրեն մասնագիտական խորհրդատվություն՝ հետևյալ ժամանակացույցով.
Օրը, ժամը |
Սպասարկման վայրը |
Սպասարկվող շահառուները |
Մարտի 9-ին, ժամը 11.00-ից |
Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկա |
տվյալ պոլիկլինիկաների սպասարկման տարածքի ազգաբնակչության համար |
Վանաձորի նախկին թիվ 4 պոլիկլինիկայի շենք |
Մարտի 10-ին, ժամը 11.00-ից |
«Գուգարք» կենտրոնական պոլիկլինիկա |
տվյալ պոլիկլինիկաների սպասարկման տարածքի ազգաբնակչության համար |
Վանաձորի թիվ 3 պոլիկլինիկա |
Մարտի 11-ին, ժամը 11.00-ից |
«Գուգարք» կենտրոնական պոլիկլինիկա |
Գուգարքի տարածաշրջանի համայնքների ազգաբնակչության համար |
Վանաձորի թիվ 5 պոլիկլինիկա |
տվյալ պոլիկլինիկայի սպասարկման տարածքի ազգաբնակչության համար |
Մարտի 13-ին, ժամը 11.00-ից |
Ստեփանավանի բժշկական կենտրոն հիվանդանոցային մասնաշենք |
Ստեփանավանի և հարակից համայնքների ազգաբնակչության համար |
Մարտի 13-ին, ժամը 11.00-ից |
Տաշիրի բժշկական կենտրոնի պոլիկլինիկա |
Տաշիրի և հարակից համայնքների ազգաբնակչության համար |
Մարտի 14-ին, ժամը 11.00-ից |
Ալավերդու բժշկական կենտրոնի պոլիկլինիկա |
Ալավերդու և հարակից համայնքների ազգաբնակչության համար |
Մարտի 14-ին, ժամը 11.00-ից |
Ախթալայի առողջության կենտրոն |
Ախթալայի առողջության կենտրոնի և Շնողի բժշկական ամբուլատորիայի կողմից սպասարկվող ազգաբնակչության համար |
Մարտի 15-ին, ժամը 11.00-ից |
Սպիտակի բժշկական կենտրոնի պոլիկլինիկա |
Սպիտակ քաղաքի և հարակից համայնքների ազգաբնակչության համար |
Հերթագրվելու համար դիմել Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկա ՓԲԸ
Հասցե՝ ք. Վանաձոր, Մյասնիկյան 17 և Ամիրյան 10
Հեռախոս 0322-2-08-36 և 0322-3-80-96
Ի նպաստ` բժշկական օգնության և սպասարկման
բարեփոխումների
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի հրամանով երկու հանձնաժողով է ստեղծվել` հիվանդանոցային և արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման համակարգում բարեփոխումների առաջարկներ մշակելու նպատակով։
Արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման համակարգում բարեփոխումների առաջարկներ մշակող հանձնաժողովը կներկայացնի քաղաքային պոլիկլինիկաների և բժշկական ամբուլատորիաների օրինակելի կառուցվածքը, ընտանեկան բժշկի, թերապևտի և մանկաբույժի կողմից սպասարկվող օպտիմալ բնակչության, ինչպես նաև այդ մասնագետների կողմից մեկ օրվա ընթացքում սպասարկվող պացիենտների թիվը, մեկ տարվա ընթացքում նրանց կողմից ըստ ուղղվածության (կանխարգելում, բուժում, երեխաներ, մեծահասակներ) սպասարկվող պացիենտների կառուցվածքի, ուղեգրման համակարգի բարեփոխմանն ուղղված կանոնակարգումների, էլեկտրոնային առողջապահության ներդրմանն ուղղված միջոցառումները և մոտեցումները։
Հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման համակարգերում բարեփոխումների առաջարկներ մշակող հանձնաժողովը կուսումնասիրի հիվանդանոցային ծառայությունների մատուցման մակարդակների որոշման չափանիշները, ըստ մակարդակների հիվանդանոցային ծառայությունների նվազագույն և առավելագույն փաթեթի ձևավորման, այդ թվում` կադրային, սարքավորումներով և բժշկական գույքով հագեցվածության, ինչպես նաև հիվանդանոցային ծառայությունների որակի ապահովման համակարգի ներդրման, ներքին ընթացակարգերի օրինակելի ձևերի մշակման, հիվանդանոցային ծառայությունների օպտիմալացման նպատակով լիցենզավորման գործիքի կիրառման, էլեկտրոնային առողջապահության ներդրման և իրականացման, կլինիկական ուղեցույցների և գործելակարգերի ներդրման, հիվանդանոցային ծառայությունների տարածքային և ժամանակային հասանելիության ուժեղացման և նոր մոտեցումների ուղղությամբ։
Կանխարգելենք գրիպը և դրա բարդությունները
«Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն` եվրոպական տարածաշրջանի երկրներում ընթացիկ տարվա նոյեմբերին գրիպով և սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը համապատասխանում է տվյալ ժամանակահատվածի օրինաչափ ընթացքին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը:
Իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքների համաձայն` մեր հանրապետությունում այսօր շրջանառում են գրիպի Ա տեսակի H3 ենթատեսակը և սուր շնչառական վարակների հարուցիչներ` ռինովիրուսներ, ադենովիրուսներ: Նշենք, որ Եվրոպական տարածաշրջանի երկրներում ևս հիմնականում շրջանառում են գրիպի Ա տեսակի H3 ենթատեսակի հարուցիչները: Տարածաշրջանի երկրներում, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնությունում, Վրաստանում դիտվում է նմանատիպ իրավիճակ:
Արտավազդ Վանյանի խոսքով՝ գրիպի վիրուսի այլ ենթատեսակներ Հայաստանում այս պահին չեն գրանցվել: Նա նշել է, որ վերջին 10 օրվա ընթացքում ոչ կտրուկ, բայց հիվանդացության ակտիվացում է նկատվում, ինչի մասին վկայում են գրիպի և սուր շնչառական վարակների ուղղությամբ իրականացված օրական մշտադիտարկման արդյունքները: Նա հավելել է, որ ներկայումս գրիպի բռնկում կամ համաճարակ չկա: Հիվանդության առավել մեծ թվով դեպքեր արձանագրվել են երեխաների շրջանում, ինչը պայմանավորված է աշնանային արձակուրդներից հետո ուսումնական գործընթացի վերսկսումով և հիվանդության օդակաթիլային փոխանցմամբ:
Սուր շնչառական վարակների և գրիպի կանխարգելման ուղղությամբ ՀՀ առողջապահության նախարարության կողմից, մինչև սուր շնչառական վարակների սեզոնի սկսումը, կազմակերպվել և իրականացվում են կանխարգելիչ և հակահամաճարակային համալիր միջոցառումներ:
Հիմք ընդունելով վերը նշվածը` գրիպից ու դրա բարդություններից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս.
- անհապաղ դիմել բժշկական օգնության: Տարեց անձինք, ովքեր տառապում են խրոնիկ հիվանդություններով, հղիները և երեխաները, հատկապես՝ մանկահասակ, հիվանդության առաջին իսկ նշանների դեպքում պետք է դիմեն բժշկի, քանի որ հետգրիպային բարդություններ կարող են լինել գրիպի ցանկացած տեսակի և ենթատեսակի դեպքում,
- չզբաղվել ինքնաբուժմամբ՝ օգտագործելով հակաբիոտիկներ,
- անհրաժեշտ է հաճախակի օդափոխել փակ տարածքները` հետևելով անձնական հիգիենային,
- եթե առկա են գրիպանման երևույթներ, ապա անհրաժեշտ է սահմանափակել շփումներն այլ անձանց հետ, մնալ տանը և հետևել բժշկի խորհուրդներին,
- հագնվել եղանակին համահունչ, պահպանել հազի և փռշտալու վարվելակարգը, օգտագործել հնարավորինս շատ հեղուկներ:
Դժվարամատչելի հետազոտությունները կրկին հասանելի են դառնում
ՀՀ առողջապահության նախարարությունը ուղիներ է գտել ավելացնելու պետական պատվերի շրջանակում դժվարամատչելի և բարձր տեխնոլոգիական հետազոտությունների իրականացմանն ուղղվող գումարները։
Խնդիրն այն է, որ հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին պարբերաբար այդ գումարներն սպառվում էին։
Նախարարություն են դիմում պետական պատվերից օգտվող խմբերում ընդգրկված քաղաքացիներ, ովքեր համապատասխան ուղեգրերով չեն կարողանում որևէ բժշկական հաստատությունում ստանալ անհրաժեշտ ծառայությունը։ Ամենուր քաղաքացիներին հերթագրում են` տեղեկացնելով, որ դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ ծրագրի 2016թ. ֆինանսավորումն ավարտվել է։
«Մենք հնարավորություն գտանք չծախսված և տնտեսված գումարների հաշվին փակել այս բացը և համալրել գումարները, որպեսզի մինչև տարեվերջ մեր քաղաքացիները կարողանան անհրաժեշտ հետազոտություններն անցնել»,-այսօր նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը։
Խնդրի լուծման նպատակով նախարարությունն ուսումնասիրել է բժշկական կազմակերպություններում ծրագրի շրջանակում մատուցվող ծառայությունների, առաջին հերթին` թանկարժեք մագնիսառեզոնանսային շերտագրման, համակարգչային տոմոգրաֆիական և այլ հետազոտությունների գործող գները։
Պետական պատվերի շրջանակում փոխհատուցվող «դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների» գները սահմանվել են տարիներ առաջ և վերջին ժամանակաշրջանում չեն վերանայվել: Այս ընթացքում զգալի աճել է դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ իրականացնող կազմակերպությունների թիվը, ինչը մրցակցության հետևանքով հանգեցրել է մատուցվող ծառայությունների գների նվազման:
Բժշկական կազմակերպություների ղեկավարների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել պետական պատվերի շրջանակներում փոխհատուցվող «դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ» բժշկական օգնության և սպասարկման մի շարք ծառայությունների գները համահունչ դարձնել ազատ շուկայական գնագոյացման արդյունքում ձևավորվող գներին, ինչը նշված շուկայում ազատ մրցակցության հնարավորություն կստեղծի, իսկ որ առավել կարևոր է` պետական բյուջեի սահմանափակ միջոցների հաշվին ավելի մեծ թվով շահառուներ կսպասարկվեն:
Լևոն Ալթունյանը դիմեց նաև բժիշկներին։ «Գումարների սպառման պատճառը ոչ միշտ է պայմանավորված դրանց սղությամբ։ Երևի 50-60 տոկոսով այն պայմանավորված է նրանով, որ նշանակված հետազոտությունները չեն համապատասխանում հիվանդի գանգատներին և վիճակին»,-նշեց նախարարը։ Արդեն իսկ մշակվել և ներդրվել են հետազոտությունների ուղեգրման չափորոշիչներ և արձանագրություններ, որոնցով բժիշկներն առաջնորդվելու են։ Տրված ուղեգրերի նկատմամբ կսահմանվի հսկողություն, շեղումների դեպքում կձեռնարկվեն համապատասխան միջոցներ։ Լևոն Ալթունյանը հորդորեց բժիշկներին ևս մասնակից դառնալ պետական պատվերի գումարների առավել արդյունավետ օգտագործմանը։ Նա նաև պատասխանեց լրագրողներին հետաքրքրող հարցերին։
Այժմ նախարարությունը նոր պայմանագրեր է կնքում նշված ծառայությունները մատուցող բժշկական կազմակերպությունների հետ։ Նախատեսվում է, որ ուղեգրեր ունեցող մեր քաղաքացիները մեկ շաբաթից հնարավորություն կունենան անցնելու անհրաժեշտ հետազոտությունները։ Այդ մասին լրացուցիչ կտեղեկացվի։
Վարչապետը նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին
28.09.16
Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Լևոն Ալթունյանին և մաղթել արդյունավետ աշխատանք: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Արմեն Մուրադյանին կատարած աշխատանքի համար:
Կարեն Կարապետյանը, գնահատելով այն պատվավոր և անհրաժեշտ աշխատանքը, որ իրականացվում է առողջապահության բնագավառում, նշել է, որ պետք է վերանայել կառավարման կառուցվածքը՝ առավելագույնս օպտիմալացնելով այն: «Յուրաքանչյուր գումար, որը ներդրվում է առողջապահության ոլորտում, պետք է ունենատրամաբանություն և արդյունավետություն: Անհրաժեշտ է ստեղծել արդարացի և թափանցիկ միջավայր, որտեղբաշխվում են պետական բյուջեի միջոցները, պետպատվերները»,- ասել է վարչապետը: Կարևորելով պետություն-մասնավոր հատված համագործակցությունը՝ վարչապետն ընդգծել է, որ ակնկալում է ոլորտում ստեղծել մի միջավայր, որը հնարավորություն կտա ներգրավել նաև միջազգային հայտնի առողջապահական բրենդեր, ձևավորել նոր մշակույթ, ստեղծել մրցակցային իրավիճակ: Կարեն Կարապետյանն արդիական է համարել նաև էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրումը: «Դուք անպայման պետք է ունենաք նպատակ, որպեսզի ՀՆԱ-ի մեջ ձեր ձևավորած արժեքը և բյուջեի մեջ ձեր ուղղությամբ ծախսվող գումարները լինեն համաչափ»,- նշել է կառավարության ղեկավարը՝ ավելացնելով, որ մեծ հույսեր է կապում ոլորտի մասնագետների հետ, որովհետև առկա է լավ հիմք:
Երեխաների պաշտպանությունը սկսվում է նրանց առողջության պահպանումից
Բուժաշխատողների համար երեխաների առողջության պահպանումը, առողջական խնդիրներ ունեցող փոքրիկների ապաքինումը ոչ միայն հունիսի 1-ին, այլև ողջ տարի ամենօրյա ուշադրության կենտրոնում է: Ձևավորված ավանդույթի համաձայն երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր «Արաբկիր» բժշկական համալիր-երախաների և դեռահասների առողջության ինստիտուտում էր: Տարեկան այս կենտրոնում ամբուլատոր պայմաններում բուժօգնություն է ստանում շուրջ 80 հազար, իսկ հիվանդանոցային` 14 հազար երեխա:
Համալիրի գիտական ղեկավար Արա Բաբլոյանի ուղեկցությամբ Արմեն Մուրադյանն այցելեց մանկական վերակենդանացման, սոմատիկ, կրծքային հասակի երեխաների բաժանմունքներ, ծանոթացավ փոքրիկ հիվանդների բուժման ընթացքին, զրուցեց բժշիկների և ծնողների հետ:
Մասնագետները ներկայացրին բուժման արդյունքները։ Փոքրիկ Սահակը բաժանմունք է ընդունվել շնչական անբավարարությամբ։ Այժմ վիճակը կայուն է, արհեստական շնչառական սարքն անջատվել է, ինքնուրույն է շնչում։ Սակայն երեխան աճի խնդիր ունի, և կլինիկայում ուսումնասիրում են պատճառները։ Այստեղ բուժվող երեխաներ կան Վանաձորից, Մեղրիից և այլ մարզերից։ Կենտրոնում մեծ ուշադրություն է դարձվում երեխաների նորմալ աճի, սննդաբանության շեղումներին։ Անհրաժեշտության դեպքում բժիշկները համագործակցում են Փարիզի «Արման Տրյուսո» հիվանդանոցի մանկական աղեստամոքսաբանության և սննդաբանության կենտրոնի հետ։ Արմեն Մուրադյանն առավել մանրամասն ծանոթացավ վերակենդանացման բաժանմունքում բուժվող 10 երեխայի վիճակով։ Մասնագետների հետ քննարկեց փոքրիկների բուժման մանրամասները։
Լրագրողների հետ զրույցում նախարարը կարևորեց երեխաների առողջության պահպանումը ոչ միայն վաղ տարիքից, այլև ներարգանդային շրջանից:
«Երեխաների պաշտպանության օրը մեզ համար շատ կարևոր է, որովհետև մենք երեխայամետ ազգ ենք: Մենք պետք է մանկությունից սկսած ապահովենք երեխաների առողջությունը, ոչ թե այն գնահատենք կորցնելու դեպքում»,- ասաց Արմեն Մուրադյանը: Նա նշեց, որ երեխաների առողջության պահպանման պետության կողմից իրականացվող սկրինինգային հինգ ծրագրերն ուղղված են հիվանդությունների վաղ հայտնաբերմանն ու կանխարգելմանը, առկա ցուցանիշների բարելավմանը:
Պատասխանելով լրագրողների հարցերին նա հայտնեց, որ շատ շուտով արյունաբական խնդիրներ ունեցող երեխաները կկարողանան բուժօգնություն ստանալ ՀՀ ԱՆ պրոֆ. Ռ. Հ. Յոլյանի անվան արդիականացված արյունաբանական կենտրոնում, որտեղ ստեղծվում են նաև ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունք ու ցողունային բջիջների լաբորատորիա:
ՀՀ առողջապահության նախարարը կոչ արեց ծնողներին գնահատել առողջ ապրելակերպը, մանուկներին էլ մաղթեց առաջին հերթին խաղաղ երկինք:
Արմեն Մուրադյանը և Արա Բաբլոյանը մասնակցեցին նաև թույլ լսող երեխաների վերականգնողական կենտրոնում կազմակերպված տոնական միջոցառմանը:
Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրն է
1987 թվականից ամեն տարի մայիսի 31-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես ծխելու դեմ պայքարի համաշխարհային օր։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հաստատել է այն որպես «Առանց ծխախոտի» օր:
Օրվա շրջանակներում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ, որոնց նպատակն է բարձրացնել հանրության իրազեկվածությունը ծխելու վնասակար հետևանքների մասին, տարածել առողջ ապրելակերպի գաղափարը և գտնել ուղիներ՝ ապագա սերունդներին պաշտպանելու նիկոտինային կախվածությունից:
Ծխախոտ օգտագործող մարդկանց ավելի քան 80%-ն ապրում են տնտեսապես ոչ զարգացած երկրներում, որտեղ ծխախոտի հետ կապված հիվանդությունների բեռն ամենամեծն է: Ծխախոտի մշտական օգտագործումը ուժեղ կախվածություն է առաջացնում ու կայուն բացասական ազդեցություն ունի ծխողի առողջության վրա: Տուժում է նաև չծխողների առողջությունը, որոնք գտնվում են ծխողի կողքին և հաճախ ենթարկվում ծխախոտի ծխի ազդեցությանը: Այդ իսկ պատճառով ԱՀԿ-ն և Ծխախոտի դեմ պայքարի ԱՀԿ Շրջանակային կոնվենցիան կոչ են անում երկրներին մշակել ծխախոտային արտադրանքի պարզ փաթեթավորում և պիտակավորում:
Այս տարվա միջոցառումներն անցկացվում են «Պատրաստ լինենք պարզ/ստանդարտ փաթեթավորմանը», որի շրջանակներում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և «Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի» քարտուղարությունը կոչ են անում անդամ երկրներին փոփոխություններ կատարել ծխախոտային արտադրանքի փաթեթավորման գործընթացում` դարձնելով այն ստանդարտ, պարզ և ոչ գրավիչ:
Այժմ շատ երկրների ծխախոտի տուփերին առկա է ոչ միայն նշված գրությունը, այլև մարդու առողջության վրա վնասակար ազդեցությունը ցույց տվող, ինչպես նաև ծխելուց հրաժարվելու կոչեր պարունակող նկարներ:
Ընթացիկ տասնամյակում ծխելու դեմ պայքարը դարձել է երկրի կառավարության առաջնահերթ խնդիրներից մեկը:
Ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում ծխախոտի օգտագործումը և դրա հետևանքով առաջացած հիվանդությունների հիվանդացության և մահացության բարձր ցուցանիշներն առողջապահական և տնտեսական լուրջ խնդիրներ են ստեղծում: Մի շարք առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների զարգացումը պայմանավորված է ծխախոտի օգտագործմամբ: Ընդհանուր առմամբ, բնակչության մահացության հիմնական պատճառները չորսն են` սրտանոթային հիվանդություն, երեք տիպի չարորակ նորագոյացություն (առավելապես` թոքի), այնուհետև` շաքարային դիաբետ, քրոնիկ թոքային հիվանդություններ և լյարդի ցիրոզ: Ավելին` տղամարդկանց շրջանում առավել տարածված են շնչափողի, բրոնխների, թոքի չարորակ քաղցկեղը:
Ծխախոտի օգտագործումը Հայաստանում հանրային առողջության հիմնական խնդիրներից մեկն է: Ավանդաբար հայերն օգտագործել են ինչպես ձեռքով փաթաթված /գլանակ/, այնպես էլ արդյունաբերական սիգարետներ: Բոլոր ժամանակներում ծխողների ճնշող մեծամասնությունը տղամարդիկ են եղել:
Վերջին տարիներին «Առողջապահության համակարգի գործունեության գնահատման» (ԱՀԳԳ) 2007 և 2009 թվականների հետազոտությունների ընթացքում գնահատվել են ոչ վարակիչ հիվանդությունների զարգացման ռիսկի մի շարք գործոններ, այդ թվում` ծխախոտի օգտագործումը, որոնք ազդեցություն ունեն առողջության վիճակի վրա: Վերջին վիճակագրական տվյալների համաձայն` Հայաստանում մեծահասակ (16 տարեկանից սկսած) բնակչության 26 տոկոսը կանոնավոր (ամենօրյա) ծխող է, որտեղ տղամարդկանց մասնաբաժինը կազմում է 53 տոկոս: Տղամարդկանց շրջանում ծխախոտամոլության նման պատկերը երկրում պայմանավորում է այն հիվանդությունների հիվանդացության բարձր ցուցանիշը, որոնց համար ծխախոտի օգտագործումը հիմնական ռիսկի գործոնն է: Կանանց մոտ ցուցանիշները նախընտրելի են (շուրջ 3 տոկոս): Այստեղ առկա է ծխելու տարածվածության ցուցանիշների զգալի տարբերությունը Երևանի /ավելի բարձր/ և մարզերում բնակվող կանանց շրջանում: Նշենք, որ տարիների ընթացքում հնարավոր եղավ որոշակի դրական տեղաշարժի հասնելու տղամարկանց շրջանում ծխախոտի օգտագործման տարածվածության նվազեցման առումով:
Անվավեր են ճանաչվել
ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի» ու «ԳԼԱՔՍՈՍՄԻԹԿԼԱՅՆ» դեղագործական ընկերության գրությունների հիման վրա` ՀՀ առողջապահության նախարարի հրամաններով անվավեր են ճանաչվել ներքոհիշյալ դեղերի գրանցումը Հայաստանի Հանրապետությունում.
1. Ֆրանսիայի «Կատալենտ Ֆրանս Բենհայմ ՍԱ, գրանցման հավաստագրի իրավատեր` Լաբորատոիրե ԳլաքսոՍմիթԿլայն, (Ֆրանսիա)-ի համար» դեղագործական ընկերության արտադրության «Ավոդարտ, դուտաստերիդ, դեղապատիճներ փափուկ, 0,5մգ, բլիստերում (30/3x10/)»
2. Իռլանդիայի «Ստիեֆել Լաբորատորիես Իռլանդ ՍՊԸ» դեղագործական ընկերության արտադրության «Դուակ, կլինդամիցին (կլինդամիցինի ֆոսֆատ), բենզոիլ պերօքսիդ, դոնդող, 10մգ/գ+50մգ/գ, 15գ ալյումինե պարկուճ»
3. Լեհաստանի «ԳլաքսոՍմիթԿլայն Ֆարմասյուտիկալս Ս.Ա.» դեղագործական ընկերության արտադրության «Սալբուտամոլ ցողացիր, սալբուտամոլ (սալբուտամոլի սուլֆատ), ցողացիր շնչառման, 100մկգ/դեղաչափ, 200 դեղաչափ ալյումինե տարայում, դեղաչափիչ մխոցով»
4. Ֆրանսիայի «Գլաքսո Ուելքոմ Պրոդուկտիոն, գրանցման հավաստագրի իրավատերը` ԳլաքսոՍմիթԿլայն Ֆարմասյուտիկալս Ս.Ա., (Լեհաստան)-ի համար» դեղագործական ընկերության արտադրության «Սերետայդ Էվոհալեր, սալմետերոլ (սալմետերոլի քսինաֆոատ), ֆլուտիկազոն (ֆլուտիկազոնի պրոպիոնատ), ցողացիր շնչառման, 25մկգ/դեղաչափ+ 250մկգ/դեղաչափ, 120 դեղաչափ ալյումինե տարայում դեղաչափիչ մխոցով»:
ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի ու «Գեդեոն Ռիխտեր, Հունգարիա» դեղագործական ընկերության գրությունների հիման վրա` ՀՀ առողջապահության նախարարի հրամանով անվավեր է ճանաչվել
5. Հունգարիայի «Գեդեոն Ռիխտեր ԲԲԸ» դեղագործական ընկերության արտադրության «Դաիլա, դրոսպիրենոն, էթինիլէստրադիոլ, դեղահատեր թաղանթապատ, 3մգ+0,02մգ, բլիստերում (21/1x21/, 63/3x21/)» դեղի գրանցումը Հայաստանի Հանրապետությունում:
Նշենք, որ ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 25-ի թիվ 347 որոշման 30-րդ կետի համաձայն` դեղի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել և շրջանառությունը դադարեցվել արտադրող կազմակերպության դիմումի հիման վրա:
ՍՈՒՐԲ ԶԱՏԿԻ ՏՈՆՆ ԱՌԱՆՑ ԱՌՈՂՋԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ
Սուրբ Զատիկը կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը Հայ Առաքելական եկեղեցու ամենագունեղ ու, թերեւս, ամենատարածված տոնն է: Այն նշանավորվում է նաև է Մեծ պահքի ավարտով:
Այդ օրերին առողջական խնդիրներից, սննդային թունավորումներից և սննդային գործոնով պայմանավորված վարակներից խուսափելու նպատակով Սուրբ Զատիկի կերակրատեսակները պատրաստելիս անհրաժեշտ է խստորեն հետևել սննդի պատրաստման անվտանգության կանոններին։ Դրանք են.
• Ձուկը մաքրել և լվանալ հոսող խմելու ջրով: Հում ձուկը և միսը մշակելիս օգտագործել խոհանոցային առանձին պարագաներ՝ կտրտման տախտակ, դանակ։ Օգտագործելուց հետո դրանք պետք է լվանալ տաք օճառաջրով, պարզաջրել և վերջում ողողել եռացած ջրով:
• Խոհանոցային առանձին պարագաներ օգտագործել նաև եփված և հում սննդամթեքը կտրտելիս, սառնարանում դրանք պահպանել առանձին տարաներում:
• Կանաչեղենը մաքրել և մոտ 10 րոպե լվանալ խմելու հոսող ջրով:
• Ձեռքերը մանրակրկիտ լվանալ օճառով և տաք ջրով սնունդ պատրաստելուց առաջ և պատրաստելու ընթացքում պարբերարար, հատկապես` հում մթերքը մշակելուց հետո, սնունդ ընդունելուց առաջ:
• Մթերքը ենթարկել պատշաճ ջերմային մշակման:
• Մթերքը պահել ճիշտ ջերմաստիճանում: Եփած մթերքը պետք է պահել սառնարանային պայմաններում՝ +2-+6 0C. եփած ձուկը ` 24- 48 ժամ, եփած միսը՝ 24-36 ժամ, եփած ձուն՝ 24 ժամ, եփած բրինձը՝ 12 ժամ, բանջարեղենային աղցանները՝ 18 ժամ։
• Ներկել պետք է չվնասված, ամբողջական կեղևով ձուն: Նախքան եփելն այն պետք է լվանալ, այնուհետև եփել ջուրը եռալուց հետո առնվազն 10 րոպե:
• Ձվերը պետք է ներկել միայն բնական ներկերով: Ավանդաբար ընդունված է Զատկին ձուն ներկել կարմիր գույնով: Կարմիր գույն ստանալու լավագույն միջոցը կարմիր սոխի կճեպն է կամ տորոն բույսի կարմիր արմատները: Եթե մտադիր եք բազմագույն ներկված ձվեր դնել սեղանին, ապա այն կարելի է ստանալ բանջարեղենի ու համեմունքների օգնությամբ: Օրինակ դեղին գույն կարելի է ստանալ քրքումի կամ զաֆրանի եփուկի մեջ եփված ձուն եռացնելով: Թարմ ճակնդեղի հյութը ձուն կներկի վարդագույն, սպանախը՝ կանաչ, կարմիր կաղամբի միջոցով կարելի է ստանալ կապույտ ձու, ստեպղին օգտագործելիս կարելի է ստանալ նարնջագույն երանգ:
Հիշե՛ք.
Մեծ Պահքից պետք է դուրս գալ աստիճանաբար: Քանի որ բավական երկար ժամանակ միայն բուսական սնունդ օգտագործելով մարսողական համակարգում որոշակի փոփոխություններ են կատարվում, և մարդու օրգանիզմը հարմարվում է զուտ բուսական սննդի յուրացմանը: Միս և կենդանական ծագման այլ սնունդ յուրացվելու համար օրգանիզմին որոշակի ժամանակ է անհրաժեշտ: Ցանկալի է սկզբից օգտագործել առավել հեշտ յուրացվող մսամթերք՝ ձուկ և հավի միս, խուսափել յուղոտ տավարի, ոչխարի, խոզի մսից, սնկից:
Կարմիր գինին ևս պետք է օգտագործել չափավոր` օրվա ընթացքում 100-200մլ: Խուսափեք քաղցր գազավորված ըմպելիքների օգտագործումից: Դրանք պարունակում են մեծ քանակությամբ ազատ շաքար, արհեստական հավելումներ՝ ներկանյութեր, կոնսերվանտներ, համաբուրավետիչներ, որոնք վնասակար են առողջությանը: Զատիկի սեղանին ցանկալի է օգտագործել միայն բնական հյութեր:
Խորհուրդ է տրվում նաև կերակրատեսակները պատրաստել եփման, շոգեխաշման միջոցով, աղցանները լցոնել ոչ թե թթվասերով ու մայոնեզով, այլ` բուսայուղերով:
Նախազգուշացում զբոսաշրջիկներին՝ Զիկա տենդից խուսափելու համար
Զիկա տենդը Զիկա վիրուսով հարուցված միջին ծանրության հիվանդություն է: Այն տարածված է արևադարձային և մերձարևադարձային երկրներում, քանի որ հիմնականում փոխանցվում է այդ կլիմայական գոտիներում տարածված Aedes aegypti ցեղի մոծակի միջոցով: Վերջերս ԱՄՆ-ում արձանագրվել է սեռական ճանապարհով Զիկա վիրուսի փոխանցման 1 դեպք:
Զիկա տենդի գաղտնի շրջանը ստույգ հայտնի չէ, ենթադրվում է, որ այն տևում է մի քանի օրից մինչև մեկ շաբաթ: Համարվում է, որ վարակվածների միայն 20-40%-ի մոտ է հիվանդությունը կլինիկորեն արտահայտվում: Զիկա տենդի ախտանշանները նման են Դենգեի, Չիկունգունյա տենդերին, սակայն ավելի մեղմ են՝ տենդ, ցան, հոդացավ, շաղկապենու բորբոքում, մկանացավ, գլխացավ, հոգնածություն: Հիվանդությունը տևում է 2-7 օր: Հիվանդության ծանր ձևերը հազվադեպ են հանդիպում և դրանք հիմնականում կրում են նյարդաբանական բնույթ: Հազվադեպ են գրանցվում նաև մահվան դեպքեր:
Մինչ օրս նկարագրվել է վիրուսի շրջանառությունը Աֆրիկա, Ամերիկա, Ասիա մայրցամաքներում և Խաղաղ օվկիանոսի կղզիներում:
2013 թվականին Ֆրանսիական Պոլինեզիայում Զիկա տենդի բռնկման ժամանակ նկարագրվել է Զիկա վիրուսով հիվանդացման և Գիեյն-Բարեի համախտանիշի (նյարդային համակարգի ախտահարում, որն ուղեկցվում է մկանային թուլությամբ) առաջացման կապը: 2014 թվականին Ֆրանսիական Պոլինեզիայում, ինչպես նաև 2015 թվականին Բրազիլիայում տեղի ունեցած բռնկման ընթացքում՝ հղի կանանց վարակման դեպքում նկարագրվել է նորածինների միկրոցեֆալիայի և զարգացման այլ բնածին արատների առաջացումը:
2016 թվականի փետրվարի 1-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նշել է Զիկա տենդով պայմանավորված իրավիճակին համակարգված միջազգային արձագանքի անհրաժեշտությունը՝ բարելավելու հիվանդության համաճարակաբանական հսկողությունը, վարակի, բնածին արատների և նյարդաբանական բարդությունների հայտնաբերումը, ակտիվացնելու մոծակների դեմ պայքարի միջոցառումները, արագացնելու ախտորոշիչ թեստերի և պատվաստանյութերի մշակումը՝ պաշտպանելու վտանգավոր տարածքներում գտնվող մարդկանց, հատկապես կանանց՝ հղիության ընթացքում: Զիկա վիրուսի տեսանկյունից անապահով երկրներ միջազգային ճանապարհորդությունները և այցելությունները չեն սահմանափակվել:
Նկատի ունենալով Զիկա տենդի համաճարակային լարված իրավիճակն աշխարհում, Հայաստանի Հանրապետության ազգաբնակչության շրջանում հիվանդության կանխարգելման նպատակով ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատվել է «Զիկա տենդի համաճարակաբանության, ծագումնաբանության, դեպքի ստանդարտ բնորոշման, բուժման, կանխարգելման» մեթոդական ուղեցույցը, «Նախազգուշացում զբոսաշրջիկներին՝ Զիկա տենդից խուսափելու համար» վերտառությամբ պաստառը, ինչպես նաև հանձնարարվել է ՀՀ պետական սահմանի անցակետերում ուժեղացնել սանիտարակարանտինային հսկողությունը Զիկա տենդի կասկածով հիվանդների հայտնաբերման համար:
Նշենք, որ Զիկա վիրուսի դեմ կանխարգելիչ պատվաստանյութ դեռևս չի ստեղծվել: Խորհւրդ է տրվում հղի կանանց, ինչպես նաև նրանց, ովքեր պլանավորում են հղիանալ, խուսափել Զիկա վիրուսի տարածման երկրներ այցելելուց:
Հանրային առողջապահական տեսակետից, հիվանդության փոխանցումը կանխելու համար, շատ կարևոր է Զիկա տենդով հիվանդների համար հիվանդության առաջին օրերին զերծ մնալ մոծակների խայթելուց: Զիկա տենդի փոխանցողը՝ մոծակը, խայթում է և՛ շինությունների ներսում, և՛ դրսում, հիմնականում մթնշաղին: Այնուամենայնիվ, պաշտպանիչ միջոցների կիրառումն անհրաժեշտ է ամբողջ օրվա ընթացքում: Խորհուրդ է տրվում կրել երկարաթև հագուստ, օգտագործել միջատավանիչ նյութեր և սարքեր: Միջատավանիչ նյութերն անվտանգ կիրառելի են բոլորի համար՝ ներառյալ հղի և կերակրող մայրերին: Դրանք կարող են կիրառվել նաև երեխաների պաշտպանության համար՝ համաձայն ուղեկցող հրահանգների: Սենքերում օդի լավորակման և վարագույրների, ցանցերի կիրառումը կպաշտպանի մոծակներից:
Հորդորում ենք բուժօգնության դիմել ժամանակին
Սուր շնչառական վարակների ակտիվացման ողջ ընթացքում ՀՀ առողջապահության նախարարությունը բնակչությանը հորդորում է խուճապի չմատնվել, բայց և զգոն լինել ու հիվանդության առաջին իսկ ախտանշանների դեպքում դիմել բժշկի։ Քանի որ սեզոնային գործոնով պայմանավորված ակտիվացումը համընկավ եղանակային պայմանների կտրուկ վատացմանը, ինչպես նաև տոնական օրերի ակտիվ շփումներին, ՀՀ առողջապահության նախարարությունն ու համակարգն աշխատեցին արտակարգ ռեժիմով։ Աշխատանքներն առ այսօր տարվում են երկու ուղղությամբ` կանխարգելիչ և բուժական։ Պետք է ասել, որ նախարարությանը հաջողվեց բարձրացնել մարդկանց զգոնությունը` ինչի վկայությունն է դիմելիության մեծացումը։ Անտարակույս, դրանով է պայմանավորված հանրապետությունում նկատվող իրավիճակի կայունացման և դեպքերի նվազման միտումը։
Շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրն է
Դիաբետի դեմ պայքարի միջազգային ֆեդերացիայի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկով՝ ի պատասխան ամբողջ աշխարհում դիաբետի հիվանդացության աճի սպառնալիքին, 1991 թվականից նոյեմբերի 14-ը նշվում է որպես շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օր:
1922 թվականի հունվարի 22-ին երիտասարդ կանադացի գիտնական Ֆրեդերիկ Բանթինգը պատմության մեջ առաջին անգամ ներարկելով ինսուլին` փրկեց 14-ամյա պատանու կյանք: Նոյեմբերի 14-ն ընտրվել է ի պատիվ Ֆ.Բանթինգի ծննդյան օրվա` նրա վաստակը հավերժացնելու նպատակով:
Դարեր շարունակ մարդկությունը չուներ պայքարի միջոց այդ հիվանդության դեմ, և «շաքարային դիաբետ» ախտորոշումը հույս չէր թողնում մարդուն` ոչ միայն առողջացման, այլև առանց ինսուլինի ապրելու. հորմոն, որը նպաստում է հյուսվածքների կողմից շաքարի յուրացմանը, առանց որի հիվանդ օրգանիզմը չի կարող գոյատևել:
Չնայած շաքարային դիաբետը շարունակում է մնալ անբուժելի հիվանդություն, ինսուլինի շնորհիվ այն հնարավոր է պահել հսկողության տակ, ինչը չափազանց կարևոր է, քանի որ դիաբետը քաղցկեղի և սրտանոթային հիվանդությունների հետ միասին դասվում է առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների շարքին, որոնք առավել հաճախ են բերում հաշմանդամության և ունեն բարձր մահացություն:
Շաքարային դիաբետի միջազգային ֆեդերացիայի զեկույցի համաձայն` աշխարհում դիաբետով ապրում է 382 մլն մարդ, իսկ 2035 թվականին հիվանդացության այսպիսի աճի դեպքում հիվանդների թիվը կավելանա 55 %-ով և կհասնի 592 մլն: Դիաբետով ապրող մարդկանց 80%-ն ապրում է միջին և ցածր եկամուտ ունեցող պետություններում: Այս մարդկանց մեծ մասը 40-59 տարեկան են, այսինքն` պատկանում են աշխատունակ տարիքային խմբին, ինչը չափազանց մեծ նշանակություն ունի հաշմանդամության հանգեցնող այս հիվանդության հետևանքների համար:
Հայաստանի Հանրապետությունում 1990 թվականին շաքարային դիաբետով հիվանդացությունը մեծահասակ (15 տարեկանից բարձր) ազգաբնակչության շրջանում կազմել է 183.6 (100 հազ. բնակչի հաշվարկով), իսկ 2014 թվականին՝ 327.9, այսինքն` արձանագրվել է հիվանդացության աճ 1.8 անգամ:
Շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրվա նպատակը դիաբետի, հիվանդացության և կանխարգելման մասին իրազեկման բարձրացումն է: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խրախուսում և աջակցում է դիաբետի և դրա ռիսկի գործոնների համաճարակաբանական հսկողության համակարգի զարգացմանը, դիաբետի և դրա բարդությունների դեմ պայքարին և կանխարգելմանը, հատկապես միջին և ցածր եկամուտ ունեցաղ պետություններում: Այդ նպատակով Հայաստանի Հանրապետությունում ներդրվել է առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների, այդ թվում՝ շաքարային դիաբետի համաճարակաբանական հսկողության համակարգը, որը կնպաստի այդ հիվանդությունների դեպքերի մոնիտորինգի, իրավիճակի վերլուծության, գնահատման, կանխատեսման, առողջապահության ոլորտի քաղաքական որոշումների կայացման, կոնկրետ գործողությունների մշակմանը և իրագործմանը:
Գրիպի Ա և Բ տեսակների հարուցիչներ չեն արձանագրվել
«Սուր շնչառական վարակների ներկա իրավիճակն օրինաչափ է։ Յուրաքանչյուր տարի ՀՀ առողջապահության նախարարությունը բարձրաձայնում է, որ հանրապետությունում դիտվում է սուր շնչառական վարակների երկու ալիք։ Առաջին ալիքն սկսվում է սեպտեմբերի վերջին տասնօրյակից կամ հոկտեմբերից, իսկ երկրորդը` դրան հաջորդող տարվա փետրվար ամսից»,-նախարարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վտանգավոր և օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը։ Նա ներկայացրեց, որ գրիպի և սուր շնչառական վարակների ուղղությամբ իրականացվող շաբաթական մոնիթորինգի տվյալներով 2015 թվականի հոկտեմբերի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում բուժհիմնարկություններից ստացված տեղեկատվության համաձայն գրանցվել է սուր շնչառական վարակների 2360 դեպք, ինչը 261-ով պակաս է 2015 թվականի համեմատությամբ (2014 թվականի նույն ժամանակահատվածում` 2621դեպք): Ներկայումս Հայաստանում դիտվում է սեզոնային բնականոն ընթացք: Արձանագրված դեպքերի համաճարակաբանական վերլուծությունը վկայում է, որ դրանք չեն գերազանցում սուր շնչառական վարակներով նախորդ 5 տարվա հիվանդացության շեմը: Նշվեց, որ իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքներով հանրապետությունում շրջանառում են սուր շնչառական վարակների ադենովիրուս և ռինովիրուս հարուցիչները: Գրիպի Ա և Բ տեսակների հարուցիչներ չեն արձանագրվել:
«Ներկայումս հիվանդանոցներում վիրուսային բարդացած դեպքեր չունենք թե՛ մեծահասակների և թե՛ երեխաների շրջանում»,-հավելեց մասնագետը` միաժամանակ հորդորելով շնչառական վարակներով չհիվանդանալու, ինչպես նաև բարդություններից խուսափելու նպատակով խուսափել հիվանդի հետ շփվելուց, հիվանդանալու դեպքում մնալ տանը և դիմել բժշկին, հագնվել եղանակին համահունչ, պահպանել հազի և փռշտալու վարվելակարգը, օգտագործել հնարավորինս շատ հեղուկներ, հաճախակի օդափոխել փակ տարածքները: Խորհուրդ տրվեց նման վարակների դեպքում խուսափել հակաբիոտիկներից։
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի խորհրդական, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը նշեց, որ սուր շնչառական վարակների և գրիպի կանխարգելման ուղղությամբ ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացվում են մի շարք միջոցառումներ։ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով բժշկական կազմակերպություններին իջեցվել են համապատասխան ցուցումներ, ինչպես նաև անհրաժեշտ միջոցառումների ցանկը: Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում խստացվել է հակահամաճարակային ռեժիմի պահպանումը:
«Սեզոնային գրիպը վտանգավոր է բարդություններով։ Այս առումով հատկապես խոցելի են երեխաները, տարեցները և քրոնիկ հիվանդները։ Այդ իսկ պատճառով սեզոնին ընդառաջ առողջապահության նախարարությունը ձեռք է բերել սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութ»,-ասաց Գայանե Սահակյանը` հավելելով, որ առաջիկա շաբաթվանից կամավոր հիմունքներով կանխարգելիչ պատվաստումներ կկատարվեն ռիսկի խմբերի շրջանում՝ մանկատների և հատուկ կրթական հաստատությունների սաներ և սպասարկող անձնակազմ, ծերանոցների բնակիչներ և սպասարկող անձնակազմ, քրոնիկ հիվանդներ, հղիներ, առողջության առաջնային պահպանման կազմակերպությունների, հիվանդանոցների ընդունարանների, անհետաձգելի բուժման, վերակենդանացման, ԼՈՌ և շտապ օգնության բաժանմունքների բուժաշխատողներ, ովքեր անմիջապես շփվում են գրիպանման երևույթներով հիվանդների հետ:
«Յուրաքանչյուր երկրում ռազմավարական խնդիր է առողջապահական համակարգի ներուժի պահպանումը սեզոնային գրիպի վիրուսի գրոհներից` հիվանդներին բժշկական սպասարկման և օգնության ծառայությունների լիարժեք և ամբողջական ծավալով ապահովման նպատակով»,-ասաց Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավարը:
Հոկտեմբերի 12-ը ծխախոտի դեմ պայքարի ազգային օրն է
Հայաստանի Հանրապետությունը 2004 թվականի հոկտեմբերի 12-ին միացավ Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Ծխախոտի դեմ պայքարի մասին» շրջանակային կոնվենցիային, որը նպատակ ունի ներկա և ապագա սերունդներին պաշտպանել մարդկանց առողջության համար ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության քայքայիչ հետևանքներից:
2008 թվականից, ՀՀ առողջապահության նախարարության և Հայաստանի հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ, հոկտեմբերի 12-ը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հայտարարվեց «Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր»:
Չնայած որոշակի առաջընթացին, «Ծխելու դեմ պայքարի պետական ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքին, առկա են որոշ բացեր, որոնք պահանջում են հատուկ ուշադրություն և հիմնական ռազմավարությունների համալիր իրականացում: Ծրագրի նպատակն է պաշտպանել մարդկանց առողջությունը ծխախոտի օգտագործման ու ծխախոտի ծխի ազդեցության, ինչպես նաև սոցիալական, բնապահպանական և տնտեսական բացասական հետևանքներից:
Ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում ծխախոտի օգտագործումը և դրա հետևանքով առաջացած հիվանդացության և մահացության բարձր ցուցանիշներն առողջապահական և տնտեսական լուրջ խնդիրներ են ստեղծում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվարկներով` աշխարhում յուրաքանչյուր 6 վայրկյանը մեկ ծխախոտի հետևանքով առաջացած հիվանդություններից մարդ է մահանում:
Նշենք, որ վերջին տասը տարվա ընթացքում տղամարդկանց շրջանում առկա է ծխախոտի օգտագործման նվազման միտում: Կանանց մոտ ծխախոտի տարածվածությունն առավել մեծ է մայրաքաղաքում, քան մարզերում կամ գյուղական համայնքներում: Դեռահասները սկսում են ծխել 16-17 տարեկանում, երբ դուրս են գալիս ծնողների հսկողությունից և առավել ինքնուրույն կյանք վարում։
Ծխախոտի օգտագործման տարածվածության և դրա առողջապահական, տնտեսական և սոցիալական հետևանքները կանխելու նպատակով մեր երկրում կիրառվում են տարբեր մեխանիզմներ, օրենսդրական սահմանափակումներ և այլ միջոցառումներ: